


Իր ռասիստական հայտարարություններով Անկարան խրախուսում է ագրեսորի գործողությունների շարունակումը սուվերեն Արցախի դեմ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով շփման գծում ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ Անկարայի դիրքորոշումը: «Ցավոք, Թուրքիայի համար զոհերի կարևորությունը պայմանավորված է նրանց ազգությունով»,-նշել է նա:
Միաժամանակ Քոչարյանը հավելել է, որ Անկարայի նման հայտարարությունները տեղավորվում են Թուրքիայի ներկայիս քաղաքականության շրջանակներում, ինչի արդյունքում անկայունության ալիքը տարածվում է ոչ միայն երկրի ներսում, այլ դրա սահմաններից դուրս:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Էրդողանը ցավակցել էր ադրբեջանցի իր գործընկերոջը, Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով կրած կորուստների առնչությամբ: Բացի այդ, նա քննադատության էր ենթարկել ԵԱՀԿ միսկի խմբի միջնորդների գործունեությունը: Նշենք, որ ապրիլի 3-ի առավոտյան ժամը 06:00-ից Ադրբեջանը շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հետ շփմամ գծի հարավային ուղղությամբ՝հրթիռա-հրետանային միջոցների և զրահատեխնիկայի օգտագործմամբ: Իրավիճակը ծայր աստիճան ծանր է, մարտերը շարունակվում են:



