


Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչելուց հետո կորցնելով Վրաստանի վրա ազդելու շատ լծակներ՝ Մոսկվան չի կարող իրեն այնպիսի շքեղություն թույլ տալ, ինչպես՝ Ադրբեջանի հետ թշնամության մեջ ներքաշվելը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
ՙԱդրբեջանի վերածումը Ռուսաստանին բացահայտ թշնամական պետության ավարտին կհասցնի Անկարա-Բաքու-Թբիլիսի հակառուսական կոնֆիգուրացիայի ձևավորումը, որում դեռևս որոշակի տարաձայնություններ կան՚,- նշել է նա:
Մարկեդոնովը հիշեցրել է նաև, որ էթնաքաղաքական հակամարտություններում Ռուսաստանը նախընտրում է պահպանել ստատուս-քվոն և սկսում է վերջնականապես կոտրել այն՝ մյուսների կողմից բեկում մտցնելուց հետո միայն: Սակայն, հաշվի առնելով, որ ամեն դեպքում 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի համաձայնագիրն արժեզրկման կենթարկվի՝ Ռուսաստանի գործողությունները կարող են ավելի կոշտ լինել:
Այս առումով վերլուծաբանը գտնում է, որ առայժմ Մոսկվան իր ձեռքով չի փոքրացնի մանևրելու տարածությունը, եթե դա չանի, օրինակ՝ Անկարան: Ըստ նրա, ի տարբերություն այլ հակամարտությունների՝ Ղարաբաղում Ռուսաստանի շահերը խիստ չեն հակադրվում ԱՄՆ և ԵՄ մոտեցումներին, ինչը ևս զսպվածության է դրդում Մոսկվային:
ՙՆերկայիս տնտեսական խնդիրների, դաշնակիցների դեֆիցիտի պայմաններում, Ռուսաստանը մինչև վերջ հավատարիմ կմնա ՙհարավօսական՚ սցենարին: Եվ, ամենայն հավանականությամբ, Մոսկվան կգնա ստատուս-քվոն պահպանելու ծեծված ճանապարհով: Իսկ եթե դա անհնար դառնա, կփորձի խուսափել երկու՝ միմյանց թշնամաբար տրամադրված երկրների հետ հարաբերություններում կորստից: Եվ եթե ձախողվի նաև այդ սցենարը, Մոսկվայից կարելի է ինչ-որ էքսպրոմտի սպասել՚,- ասել է վերլուծաբանը:


