


ԱՄՆ կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում ամրապնդվում է հրադադարի ռեժիմը: Ըստ ՏԱՍՍ-ի` այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Մարկ Թոները` հերթական ճեպազրույցում:
Նրա ասելով, ԱՄՆ իշխանությունները ոգեշնչված են Լեռնային Ղարաբաղից ստացվող նորոթյուններից: Նա նշել է, որ Վաշինգտոնն «ակտիվորեն գործակցում է հակամարտության երկու կողմերի հետ» և նրանց կոչ է անում «խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»: Վաշինգտոնի տեսանկյունից, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները և ղեկավարները պետք է վերադառնան Մինսկի գործընթացին: Թոներն ընդգծել է, թե ԱՄՆ համոզված է, որ առավել անհետաձգելի պահն Ադրբեջանի և Հայաստանի վերադարձն է բանակցությունների սեղանի շուրջ:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաև խոստովանել է, որ Վաշինգտոնը մշտապես խորհրդատվություններ է վարում Մոսկվայի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման առնչությամբ` բանակցությունները առաջ մղելու նպատակով: Թոների ասելով, նման իրավիճակներում ԱՄՆ նաև խնդրում է օտարերկրյա գործընկերներին, որոնք ազդեցություն ունեն որևէ հակամարտության այս կամ այն կողմի վրա, օգտագործել այդ ազդեցությունը: Թոները, միևնույն ժամանակ, ճշտել է, թե ինքը համոզված չէ, որ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է կոնկրետ այդ մասին:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղը պարտադիր կլինի Ադրբեջանինը»: «ԱՄՆ վճռականապես սատարում է Մինսկի գործընթացը, իսկ դա կողմերի ընտրություն չի ենթադրում», - ասել է Թոները:
Հավելենք, որ ապրիլի 6- գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հիմնականում, պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը:



