

ՙՄենք Բաքու ենք եկել մեսիջով՝ առաջընթացի հասնել բանակցություններում և թույլ չտալ նոր կորուստներ, կրակը պետք է անհապաղ դադարեցվի՚: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին ապրիլի 6-ին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Դիվանագետը հայտնել է, որ ողջունում է հրադադար հաստատելու կողմերի պատրաստակամությունը: ՙՀուսով ենք, որ դա կնվազեցնի լարվածությունը ռազմաճակատի շփման գծի երկայնքով: Քանի դեռ կողմերը չեն հարգում և չեն հետևում հրադադարի ռեժիմին, քաղաքական առաջընթացի մասին խոսք անգամ չի կարող գնալ՚,- նշել է նա: Նրա խոսքով, ԱՄՆ-ը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին ու խաղաղության հաստատման համար ցանկանում, որ բանակցությունները հաջողությամբ ընթանան: ՙՍտեղծված լարվածությունը ցույց տվեց, որ խաղաղության հաստատման համար եկել է բանակցությունները շարունակելու ժամանակը: Դրա համար անհրաժեշտ է երկու երկրների ղեկավարության քաղաքական կամքը՚,- հայտարարել է Ուորլիքը:



