


Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ շուրջ 200-250 մետր հատված ԼՂՀ ՊԲ ԶՈւ վերահսկողության տակ չի գտնվում: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
ՙԱյն իրավիճակում, որ կանգնել են զորքերը, կան որոշակի հատվածներ, որոնք նշանակալի դիրքեր, հատկապես հենակետեր չեն, բայց հաշվի առնելով զինադադարի խնդիրը, զորքերը կանգնել են տվյալ վիճակում՚,- նշել է Հովհաննիսյանը:
Խոսելով Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի ընթացքում մարդկության դեմ հանցագործությունների մասին՝ նա նշել է, որ այդ անմարդկային արարքների մասին նյութերը հավաքված են, և այդ մասին Հայաստանի պաշտպանության փոխնախարարն արդեն խոսել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Վերլուծության արդյունքները կներկայացվեն համապատասխան կառույցներին և հասարակությանը:
Միաժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի մոտ հայ ռազմագերիներ կան՝ Հովհաննիսյանը ցավով նշել է, որ այդ առնչությամբ տեղեկատվություն չկա, քանի որ հակառակորդի հետ չի հաջողվում խոսել այդ հարցի շուրջ:
ՙԵթե Բաքուն պատանդների գործոնն օգտագործելու հնարավորություն ունենար, հակառակորդն անպայման կօգտվեր դրանից: Ոչինչ չեմ կարող հաստատել կամ բացառել: Աշխատանքներ են տարվում անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ՚,- ասել է Հովհաննիսյանը:
Նշենք, որ ԼՂՀ ՊԲ տվյալներով, 25 զինծառայող ներկայումս անհետ կորած է համարվում:



