
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը հիշեցնում է «էժանագին բամբասանք», որը նպատակաուղղված էր Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպման արդարացմանը: Ապրիլի 13-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նրա կարծիքով, եթե գոյություն ունի այնպիսի լուրջ խնդիր, որը լուծելու համար հարկավոր են քննարկումներ, ապա առաջին նախագահը պետք է նախաձեռներ հանդիպում ոչ միայն Սարգսյանի, այլև բոլոր հեղինակավոր հայերի հետ, ովքեր ինչ-որ կերպ ազդում են երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների լուծման վրա: Փոստանջյանը նաև հավելել է, որ համաձայն չէ Տեր-Պետրոսյանի այն դիրքորոշմանը, թե արտաքին սպառնալիքի պայմաններում քաղաքական ուժերը պետք է աջակցություն հայտնեն իշխանությանը: «Սատարում են այն իշխանությանը, որը դրան արժանի է, այլ ոչ թե նրանց, ովքեր մսխում են պետական միջոցները, խորացնում երկրում առկա խնդիրները, տարիներ շարունակ ձևացնում են, թե սպառազինություն են ձեռք բերում և ծանր պահին հայտարարում, թե հայ զինվորը կռվում է 80-ական թվականների զենքով», - ընդգծել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր հերթին հավելել է, որ հիմա հենց այն պահն է, երբ անհրաժեշտ է հաշվետվություն պահանջել իշխանությունից, քանի որ, հաշվի առնելով առկա իրավիճակը, ադրբեջանական կողմը շուտով պատերազմի ևս մեկ փորձ կձեռնարկի: «Միամտություն է կարծել, թե այժմ հնարավոր է լուծել ղարաբաղյան հակամարտությունը, սակայն մենք պետք է պատրաստ լինենք ադրբեջանական հաջորդ սադրանքին` ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական հարթությունում, որպեսզի մի քանի տասնյակ երիտասարդների չկորցնենք», - նշել է նա: Քաղաքական գործիչը նաև հավելել է, որ կառավարող իշխանության շուրջ համախմբման մասին խոսք լինել չի կարող, քանի որ նրա բոլոր գործողությունները երկրի համար սպառնալիք են:
Հիշեցնենք, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 9-ին հանդիպել էր գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչից հետո հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որում հայտարարել էր, թե ընդդիմադիր ուժերը և հասարակությունը պետք է «սառեցնեն» ներքին դիմակայությունները և նախաձեռնեն ազգային համախմբում: Նրա համոզմամբ, այժմ իշխանությանը մեղադրելու և նրանից հաշվետվություն պահանջելու ժամանակը չէ: «Շուտով պատերազմը մարտի դաշտից կտեղափոխվի դիվանագիտական ասպարեզ, կամ բարդագույն բանակցությունների ճակատ», - ասել էր առաջին նախագահը: Նա նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրել էր արտաքին քաղաքականության բացթողումների համար, որը, նրա կարծիքով, Լեռնային Ղարաբաղին զրկեց հակամարտության միջազգանյորեն ճանաչված իրավահավասար կողմի կարգավիճակից: