
Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքն արգելելու պահանջով հանրագրի ներքո: Փաստաթուղթը հասցեագրված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
Հանրագրի հեղինակները հիշեցնում են, որ Ադրբեջանի զինված ուժերն ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը բացահայտ հարձակում են սկսել ղարաբաղյան հակամարտության գոտու ողջ երկայնքով՝ կիրառելով տանկեր, հրետանի, ավիացիա: Քառօրյա պատերազմի հետևանքով երկուստեք տասնյակ զինվորներ մահացան: Զոհվեցին նաև խաղաղ բնակիչներ՝ ծերեր, կանայք, երեխաներ:
ՙԱմենաաղաղակող փաստն այն էր, որ հրադադարը խախտած ագրեսորն օգտագործեց Ռուսաստանից ձեռքբերած հարձակողական սպառազինություն, այդ թվում՝ ՄԻ-25 ուղղաթիռներ, Տ-90 և Տ-72 տանկեր, ՙՍոլնցեպյոկ՚ ծանր հրանետային համակարգեր, ՙԳրադ՚ և ՙՍմերչ՚ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Ադրբեջանը երբեք չի թաքցրել Ղարաբաղի նկատմամբ իր ագրեսիվ մտադրությունները: Չնայած դրան՝ Ռուսաստանը նորագույն հարձակողական զենք է մատակարարում Բաքվի ռազմատենչ իշխանությանը: Ըստ որում, դա այն դեպքում, երբ իր արցախցի հայրենակիցների անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանը միաժամանակ Ռուսաստանի միակ դաշնակիցն է տարածաշրջանում, ՀԱՊԿ, ԵՏՄ անդամ: Այսինքն՝Ռուսաստանը գիտակցաբար զինում է տարածաշրջանում իր միակ դաշնակցի թշնամուն՝ ՙանձնական ոչինչ չկա, պարզապես բիզնես է՚ արդարացումներով: Ինչպե՞ս կարելի է բիզնե համարել զենքի վաճառքը, երբ գիտես, որ այն ուղղվելու է դաշնակցիդ դեմ: Դա առնվազն անբարոյական բիզնես է:
Մենք պահանջում ենք չեղյալ հայտարարել ագրեսոր երկիր հանդիսացող Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ ավելի վաղ կնքված պայմանագրերը՚,- ասված է հանրագրում:
Ավելացնենք, որ change.org-ում ստորագրահավաք է տեղի ունենում նաև Եվրախորհրդարանին հասեցագրված հանրագրի ներքո: Հանրագրում պահանջվում է դատապարտել ԼՂՀ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան; դատապարտել Ղարաբաղի դեմ ագրեսիան շարունակելու Թուրքիայի կոչերն Ադդրբեջանին; վերահաստատել, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով; կոչ անել ԵԱՀԿ ՄԽ-ին վերականգնել ԼՂՀ կարգավիճակը՝ որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմ: