ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ռուսաստանցի իր գործընկերներին առաջարկել է այցելել Արցախ և ծանոթանալ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին: Նման առաջարկով նա հանդես է եկել ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստի ժամանակ:
Անդրադառնալով ապրիլի սկզբին ԼՂՀ նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ հանձնաժողովի նախագահը փաստել է, որ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են օդուժ, ծանր հրետանի եւ զրահատեխնիկա, այդ թվում նաեւ Ռուսաստանից ձեռքբերված «Սմերչե եւ ՏՕՍ-1 համակարգեր: 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո նման մասշտաբի ռազմական գործողություններ չեն գրանցվել: Նրա խոսքով՝ ԼՂՀ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան ստեղծել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ամբողջ տարածաշրջանի համար եւ չնայած ապրիլի 5-ին կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը շարունակում է խախտել այն՝ օգտագործելով ականանետեր, նռնակատեր եւ դիպուկահարներ: Հանցավոր գործողությունները, որոնք Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվել են Արցախի ժողովրդի նկատմամբ, ոչնչով չեն տարբերվում «Իսլամական պետությանե եւ այլ ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճից:
Կորյուն Նահապետյանը ցավով արձանագրել է, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը մեծամասամբ հանդես չեկավ հասցեական հայտարություններով: «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում: Նշանակալի են նաեւ կրակի դադարեցման պայմանավորվածության գործում Ռուսաստանի միջնորդական ջանքերը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների անհեռատես եւ անզգույշ հայտարարությունները բացասական արձագանք առաջացրեցին հայ հասարակության շրջանում՚,- ընդգծել է պարոն Նահապետյանը եւ հավելել, որ խաղաղության, կայունության, տարածաշրջանային անվտանգության գերակայության կարեւորագույն նախադրյալներից է ռազմական հավասարակշռության պահպանումը: Նշվել է, որ վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ հավասարակշռության աննշան խախտումն իսկ կարող է ծանր հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար: Բանախոսն ընդգծել է, որ Ադրբեջանին վաճառված հարձակողական սպառազինությունը լուրջ սպառնալիք է դարձել ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ դրանով իսկ ամբողջապես այս կազմակերպության համար: Հարավային Կովկասում առկա մարտահրավերների համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական եւ ռազմարդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, մասնավորապես Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Նա կարեւորել է համատեղ ձեռնարկությունների բացման, գիտահետազոտական ու նորարարական նախագծերի իրականացման միջոցով ռազմարդյունաբերության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Կորյուն Նահապետյանն անդրադարձել է նաեւ միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ այլատյացության դրսեւորումների աճին, ինչը լրջագույն մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհի համար եւ կարեւորել այդ հարցում համակարգված նոր գործողությունների իրականացումը: Նա հավելել է, որ բազմաթիվ են վկայությունները, որ ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպություններին ֆինանսավորում եւ հովանավորում են մի շարք պետություններ, այդ թվում նաեւ՝ Թուրքիան: