
Ռուսաստանի և Թուրքիայի առճակատման պատճառով Կովկասի տարածաշրջանի բաժանման մասին խոսելու հարկ առայժմ չկա` թեև նման վտանգ կա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
«Գոյություն ունեցող չլուծված էթնոքաղաքական խնդիրները ռուս-թուրքական հարաբերություններում բեկման բացակայության ֆոնին ստեղծում են հնարավոր ռիսկեր: Ռուսաստանը, իր համար չլուծելով Սիրիայի և Ուկրաինայի խնդիրները, հազիվ թե ցանկանա բեկել Կովկասում առկա իրադրությունը: Հատկապես` այն ժամանակ, երբ Արևմուտքը, ի տարբերություն ուկրաինական ուղղության, այս տարածաշրջանում, գործնականում, հաշտվել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անցմանը ռուսական ազդեցության ոլորտ` Վրաստանում սեփական դիրքերի ամրապնդման դիմաց», - նշել է նա:
Վերլուծաբանի գնահատմամբ, Լեռնային Ղարաբաղում փխրուն ստատուս-քվոյի լիակատար բեկումը չափազանց բացասական հետևանքներ կարող է ունենալ Մոսկվայի համար, հարցականի տակ դնելով ՀԱՊԿ և ԵԱՏՄ հեռանկարները, հաշվի առնելով Հայաստանին ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ փոխհամաձայնության բացակայությունը դրա մասնակիցների շրջանում, ինչպես նաև կտրուկ հակադրելով Մոսկվայի և Բաքվի շահերը, ինչին այսօր պատրաստ չեն երկու կողմերը:
Ընդ որում, Մարկեդոնովը նշում է, որ Թուրքիան Ղարաբաղում իրավիճակի սրման ուղղությամբ իր հնարավոր գործողություններում չափազանց սահմանափակված է Արևմուտքի գործոնով, հաշվի առնելով, որ Անկարայի ակտիվ ռազմական ներքաշումը հակամարտությունում կհանդիպի հայկական լոբբիի ջանքերին ԱՄՆ Կոնգրեսում և եվրոպական երկրներում, առաջին հերթին` Ֆրանսիայում:
Վերլուծաբանը նշել է, որ գնդակոծությունների և դիվերսիաների վերաճումը լայնածավալ դիմակայության` Ռուսաստանի և Թուրքիայի ներգրավմանմբ, հնարավոր կլինի հակամարտող կողմերի շփման գծերում իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորստի դեպքում: Նրա կարծիքով, Անկարան և Մոսկվան` իրենք, չեն դրդի այդ տարբերակի իրագործման, սակայն կարող են դառնալ դրա պատանդը` եթե սրացումն արդեն տեղի ունենա:
«Սա է ապրիլյան սրման առանձնակի վտանգը, քանի որ ռազմավարական դաշնակցին «հանձնելու» վնասները կարող են չափազանց մեծ լինել ինչպես Մոսկվայի, այնպես էլ Անկարայի համար: Ամենամեծ վտանգն այն է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են ի զորու չլինել կանխարգելելու կովկասյան ստատուս-քվոյի բեկումը, ինչը վտանգավոր է նարնց երկու համար էլ: Մոսկվան և Անկարան հարկադրված կլինեն գործել, փաստորեն, միակողմանի կարգով, քանի որ ՀԱՊԿ և ՆԱՏՕ գծով նրանց դաշնակիցներն անմիջական շահ չունեն Լեռնային Ղարաբաղի դիմակայությանը միջամտելուց», - ամփոփել է ռուսաստանցի վերլուծաբանը: