
Ելույթ ունենալով ՀՀԿ խորհրդի նիստում՝ նախագահ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերսկսումը պայմանավորեց վստահության մեխանիզմների ներդրմամբ, հասցեական հայտարարուրթյուններով և Արցախի ժողովրդի նկատմամբ նոր ագրեսիայից և ահաբեկչական գործողություններից Ադրբեջանի հրաժարվելու երաշխիքով: Ձեր կարծիքով, կարելի՞ է արդյոք խոսել Բաքվի քառօրյա ագրեսիայից հետո Երևանի դիրքորոշումներում գերակայությունների փոփոխության մասին:
Սարգսյանի հնչեցրած նախապայմանները՝ հասցեագրված համանախագահներին և պաշտոնական Բաքվին , հատկանշական են այն բանով, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վերսկսելու իր պատրաստակամությունն է հայտնում՝ պայմանով, եթե հրադադարի կրկնակի մասշտաբային խախտումների կանխման համար կգործարկվեն արդյունավետ տեխնիկական ու այլ միջոցներ, համանախագահները մատնացույց կանեն հրադադարը խախտած կողմին, իսկ պաշտոնական Բաքուն երդվի ադրբեջանական սահմանադրության վրա, որ այլևս որևէ ագրեսիվ գործողություն չի ձեռնարկի: Եվ բոլոր այս նախապայմաններն առաջ են քաշվում, որպեսզի Հայաստանը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ՝ շարունակելու ՙորոշակի տարածքներ՝ անորոշ կարգավիճակի փոխարեն՚ բանաձևով հակամարտության կարգավորման շուրջ քննարկումները: Այս առումով Երևանի դիրքորոշումներում գերակայությունների փոփոխության մասին դեռ չենք կարող խոսել:
ՀՀ խորհրդարանը շուտով կքննարկի ընդդիմադիր պատգամավորների կողմից ներկայացված «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին՚ օրինագիծը: Կիսվեք իրավիճակի և, գլխավորը, նման քայլի հնարավոր բացասական և դրական հետևանքների Ձեր տեսլականով:
Ես լիովին հասկանում եմ մեկ հարվածով խնդիրը հանգուցալուծելու և մեկընդմիշտ այդ հարցում վերջակետ դնելու մարդկանց ցանկությունը: Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը ռազմավարական բնույթի խնդիր է, որի լուծումն ընթացիկ քաղաքական կոնյունկտուրայից դուրս պետք է լինի: Հայաստանում ստեղծվել է բավականին վնասակար ավանդույթ, որի համատեքստում քաղաքագետների զգալի մասը թույլ է տիրապետում քաղաքական-դիվանագիտական գործիքակազմին, որն ապահովում է քաղաքական խնդիրների հաջող իրականացումը և միջազգային ասպարեզում հայկական շահերի առաջմղումը: Արդյունքում քաղաքագետներն ավելի հաճախ հանդես են գալիս միանգամյա արմատական լուծումների օգտին՝ չպատկերացնելով, որ ցանկալի արդյունքի կարելի է հասնել՝ առանց ավելորդ սրացումների և վնասակար հետևանքները: Իսկ դիվանագետները նախընտրում են գործել դիվանագիտական էթիկետի ստանդարտ նորմերի շրջանակներում, այսինքն՝ իրական և արդյունավետ քաղաքականությունը փոխարինել բուռն գործունեության իմիտացիայով:
Մինչդեռ տվյալ դեպքում միանգամայն իրական է, համատեղելով թե՛ մեկի, թե մյուսների գիտելիքներն ու հմտությունները, առանց ավելորդ անախորժությունների հասնել ցանկալի արդյունքի, սակայն դրա համար կառավորղ վերնախավի կողմից պետք է համապատասխան որոշում ընդունվի:
Նկարագրեք Իլհամ Ալիևի աշխարհաքաղաքական կապիտալիզացիայի և արժեքի գլխավոր գործոնները, որին բոլորն այդքան վախենում են նեղացնել՝ նույնիսկ նրա կողմից իրականացված ագրեսիայից հետո:
Ներկայուսմ Ադրբեջանն աշխարհառազմավարական առանցքային դիրք է զբաղեցնում Հարավային Կովկասի տարածաշրջանում, քանի որ կենտրոնական տեղ է զբաղեցնում այդ տարածաշրջանի աշխարհաքաղաքական կողմնորոշման ցանկացած կոնֆիգուրացիայում: Պաշտոնական Բաքվի դիրքորոշումից կախված կլինի՝ կպահպանի իր ակտուալությունն Անկարա-Թբիլիսի-Բաքու-Կենտրոնական Ասիա առանցքը, թե՞ այն կարգելափակվի Մոսկվա-Բաքու-Թեհրան առանցքի ստեղծմամբ: Ըստ որում, պետք է նկատի ունենալ, որ միակ ընդունելի գործընկերը Ռուսաստանի համար շարունակում է Իլհամ Ալիևը մնալ:
Եթե չլինի Ալիևը, Մոսկվան ստիպված կլինի ընդմիշտ մոռանալ այն մասին, որ երբևէ բավական արդյունավետ վերահսկել է Հարավային Կովկասը: Սակայն, եթե տվյալ փուլում Մոսկվային հաջողվի համաձայնության գալ Ալիևի հետ, միևնույն է, արդյունքը ժամանակավոր կլինի, քանի որ թյուրքական աշխարհում գերիշխման համար պայքարում ռուս-թուրքական աճող դիմակայության համատեքստում միայն Ադրբեջանն ակնհայտորեն Ռուսաստանին քիչ կլինի: Սակայն, ամեն դեպքում, թեկուզ ժամանկավարապես, միջազգային քաղաքական ՙբորսայում՚ Բաքվի համար բարձր գին կառաջարկեն:
Արդյո՞ք ՙքառօրյա՚ պատերազմի ռազմական և, գլխավորը, քաղաքական արդյունքները թույլ են տալիս շարունակել այդ արկածախնդրությունն առաջիկա օրերին: Ի՞նչ հնարավոր սցենարներով կարող է ուղեկցվել Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիան:
ՙՔառօրյա պատերազմից՚ հետո ադրբեջանական կողմն արդեն կորցրել է հանկարծակիության գործոնը, իսկ մարտական գործողությունների ընթացքում բազմաթիվ ադրբեջանցի զինծառայողներ են զոհվել՝ առավելապես էլիտար հատուկ ստորաբաժանումների սպաներ: Տուժել են նաև ադրբեջանցի խաղաղ բնակիչներ:
Ըստ որում, չի կարելի բացառել նաև տարբերակը, երբ ալիևյան ռեժիմին, հնարավոր է, քաղաքական-դիվանագիտական և ռազմական բնույթի արտաքին զգալի աջակցություն ցուցաբերվի: Եվ հայկական հանրապետությունները պետք է պատրաստը լինեն նման շրջադարձի: Ռազմադաշտում հաջողությունները հեշտացրել են մեր խնդիրները, սակայն դեռ պետք է կարողանալ ռազմական հաջողությունները փոխակերպել քաղաքական-դիվանագիտական բնույթի շոշափելի առավելությունների:
Չե՞ք կարծում արդյոք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1998 թ. ՙղարաբաղյան՚ որոշակի մշակումները կարող են պահանջարկված լինել Ղարաբաղի շուրջ նոր բանակցային օրակարգի ձևավորման պայմաններում:
1998 թվականից ի վեր շատ բան է փոխվել: Անփոփոխ է միայն մեկ բան՝ կարգավիճակի փոխարեն տարածքների հանձնման սկզբունքի հիման վրա հակամարտության կարգավորման հնարավորության շուրջ խոսակցությունները: Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա դրանք միայն հեռացնում են հակամարտության բոլոր կողմերին խնդրի արժանապատիվ և երկարաժամկետ կարգավորումից: