Ադրբեջանում հավատարմագրված օտարեկրյա դիվանագետների այցը ճակատամերձ գոտի PR ակցիա է: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
ՙԵթե այդ դիվանագետներն իսկական պրոֆեսիոնալներ են, ապա պետք է համահողմանի և խորը վերլուծություն կատարեն, թե ինչ է իրականում տեղի ունեցել, փաստերի սեփական հետաքննություն անցկացնեն, այլ ոչ թե՝ ենթարկվեն Բաքվի քաղաքականությանը՚,- նշել է նա:
Ըստ որում, Բաբայանն ավելացրել է, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ապրիլյան ՙքառօրյա՚ պատերազմի ժամանակ զորքերի շփման գծի անմիջական հարևանությամբ գտնվող գյուղերի բնակիչները տարհանվել են:
ՙՈչ ոքի համար գաղտնիք չէ նաև, որ տարհանումից հետո գյուղեր եկած ԻԼԻՊ վարձկանները, ինչպես նաև ադրբեջանցի զինծառայողները թալանել են տները, որոշ տներ այրել, իսկ մյուսները՝ քարուքանդ արել: Դիվանագետները թող այդ փաստերը հետաքննեն: Թող նաև հետաքրքրվեն, թե որքան ադրբեջանցի երիտասար զինվոր է բռնաբարվել Ադրբեջանի ԶՈւ շարքերում կռվող ԻԼԻՊ վարձկանների կողմից: Եթե օտարերկրյա դիվանագետները ցանկանում են կատարվածի ամբողջական պատկերը ստանալ, թող սկսեն դրանից՚,-հայտարարել է Բաբայանը:
Միաժամանակ խոսելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի մասին՝ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Նրա խոսքով, ապրիլյան պատերազմից հետո գնահատական տալով իրավիճակին՝ անհրաժեշտ է ամեն բան համեմատության մեջ դիտել: ՙԿարող եմ ասել, որ այսօր իրավիճակը հանգիստ է ինչպես ընթացիկ տարվա ապրիլի, այնպես էլ՝ վերջին 1-2 տարվա իրավիճակի համեմատ՚,- ասել է Բաբայանը:
Նշենք, որ մայիսի 6-ին Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել են Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցը Թերթերի և Աղդամի շրջաններ: Դիվանագետներին ցույց են տվել իբր ԼՂՀ ՊԲ կողմից ավերված տները և հաստատությունները: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ Պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը չեն խուսափել բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելուց, ինչը հակասում է միջազգային նորմերին: