

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, թե բանակում բենզինի գողության փաստերի վերաբերյալ տեղեկատվություն չունի: Այդ մասին Օհանյանը հայտարարել է` անդրադառնալով զոհված զինծառայող Հովհաննես Պետրոսյանի հոր այն մեղադրանքներին, որ իր որդուն սպանել են, քանի որ նա փորձել է կանխել սպաների կողմից բենզինի գողությունը:
Նախարարն ընդգծել է, որ միջադեպի քննության ժամանակ իրավասու մարմինները կուսումնասիրեն բոլոր վարկածները` ինքնասպանությունից մինչև սպանություն: Ընդ որում Օհանյանը հայտարարել է, թե տեղյակ չէ բենզինի գողության դեպքերի մասին:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Իջևանի զորամասերից մեկում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող Հովհաննես Պետրոսյանի դիակը` գլխին երկու կրակոցով: Հովհաննեսի հայրը` Վաչիկ Պետրոսյանը, հայտարարել է, որ դեպքից մի քանի օր առաջ որդին իրեն պատմել է զորամասի սպաների հետ կոնֆլիկտի մասին, որոնց ինքը թույլ չի տվել բենզին գողանալ պահեստից: «Գողության փորձերը կանխելու համար նա միշտ բանալիով փակել է իրեն վստահված բենզալցակայանը, քանի որ մինչ այդ նրանք պարբերաբար վառելիք են գողացել: Գող-սպաները վրեժխնդիր լինելու համար սպանել են որդուս: Ես համոված եմ, որ դա ինքնասպանություն չի, այլ կանխամտածված սպանություն է: Նման բաներ տեղի են ունեցել շատ զինծառայողների հետ, ովքեր չեն ենթարկվել սպաների կամայակությանը: Ես կարծում եմ, որ այդ երեխաների ծնողներն ինձ կհասկանան», - հայտարարել է նա:



