


Հայաստանի և Արցախի ղեկավարության մոտ Ղարաբաղի շուրջ իրավիճակի փոփոխությունից հետևող եզրակացությունների և քայլերի բացակայությունն անհանգստություն և տագնապ է առաջացնում, մայիսի 19-ին Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում «Լեռնային Ղարաբաղում ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակի քաղաքական առանձնահատկությունները՚ թեմայով սեմինար-քննարկման ժամանակ ասել է ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը:
ՙՀատկանշական է, որ ՙքառօրյա պատերազմից՚ հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ ընդունեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ քաղաքական իրավիճակի փոփոխման փաստը: Անցավ ավելի քան մեկ ամիս, բայց այդ փոփոխություններից եզրակացությունները չարվեցին: Սա, թերևս, գլխավոր եզրակացությունն է, որը կարելի է անել՝ վերլուծելով ստեղծված իրավիճակը՚,- նշել է նա:
ՌԱՀՀԿ տնօրենի կարծիքով, Ալիևը լոկալ պատերազմի իրավունք է ստացել դրսից կամ այդ պատերազմը պարտադրվել է նրան խաբեությամբ: Ըստ նրա, Ալիևն ինքն է իրեն անելանելի դրության մեջ դրել՝ Արցախի նկատմամբ ճնշման բազմամյա քաղաքականությամբ: Իսկ այն բանից հետո, երբ Հայաստանը զսպման ռազմական դոկտրինից անցում կատարեց հակառակորդի սանձման դոկտրինի, այդ քաղաքականությունը նույնպես փակուղի մտավ:
ՙԱրդյունքում Ալիևը ստիպված էր ապրիլյան ագրեսիայի դիմել, ինչից հետո ձևավորվեց իրավիճակ, որը հակամարտության որևէ կողմից կախված չէ: Այսօր Սերժ Սարգսյանը և Սեյրան Օհանյանը չեն դադարում համոզել հասարակությանը, որ կորցրած տարածքները գործնականում նշանակություն չունեն: Եվ այն, որ նրանք չեն կարողանում պատասխանել տարրական հարցի, թե ինչու մեր բանակին կանգնեցրեցին կես ճանապարհին, վկայում է այն մասին, որ այդ որոշումը բխում է երրորդ կողմի շահերից՚,- համոզված է վերլուծաբանը:



