


Ղարաբաղյան պատերազմի վետերան, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում պատրաստակամություն է հայտնել ստանձնելու Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը:
Իր հայտարարությունում Սեֆիլյանը, մասնավորապես, նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 17-ի իր հայտնի հարցազրույցում պաշտոնապես հայտարարել է, որ
ինքը, որպես ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձ, դեմ չէ, որ յուրաքանչյուր ոք կամավոր կերպով ստանձնի Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը: «Ես՝ Ժիրայր Սէֆիլյանս, հաշվի առնելով վերոհիշյալը, հայտարարում եմ, որ պատրաստ եմ իմ և իմ նախագահությամբ գործող՝ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ցուցակագրվող կամավորների ուժերով ստանձնելու Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը, այդ նպատակով կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին, արտերկրաբնակ հայությանը, ինչպես նաև Հայկական բանակի սպաներին, ենթասպաներին և զինվորներին՝ կամավորագրվել Արցախի տարածքային ամբողջականությունը իմ հրամանատարությամբ վերականգնելու ռազմական գործողություններին մասնակցելու համար», - հայտարարել է Ժիրայր Սեֆիլյանը:
Հիշեցնենք, որ իր վերջին հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը նաև խոստովանել էր, որ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ հայկական կողմը կորցրել է ռազմավարական և մարտավարական նշանակություն չունեցող 800 հա տարածք:



