
ՄԱԿ գերագույն հանձնակատարը հաղորդել է, որ իր գրասենյակը տեղեկատվություն է ստացել ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի երկայնքով զինված բախումների ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի խախտումների մասին:
Ինչպես հաղորդում է ՄԱԿ կայքը, Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի 32-րդ նստաշրջանում այդ մասին հայտարարել է ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը:
Հիշեցնելով Հարավային Կովկասում ձգձգվող հակամարտությունների մասին` Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը կոչ է արել չմոռանալ Հարավային Կովկասի տարածաշրջանում ներքին տեղահանված անձանց խնդիրների մասին, ինչպես նաև օգնություն է առաջարկել նշված շրջաններում մարդու իրավունքների ոլորտի խնդիրնների վերաբերյալ անաչառ տեղեկատվություն հավաքելու գործում:
ՄԱԿ ներկայացուցիչը նաև ողջունել է Ադրբեջանի բանտերից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների ազատ արձակումը և Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել քաղաքացիական հասարակության համար տարածության ընդլայնման և կարծիք արտահայտելու ազատության ապահովման ուղղությամբ:
Գերագույն հանձնակատարը մտահոգություն է հայտնել նաև Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի խախտումների առնչությամբ, ինչպես նաև Ռուսաստանին կոչ է արել ուղղումներ կատարել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքում:
Իր ելույթում ՄԱԿ գլխավոր իրավապաշտպանը պատմել է Սիրիայում, Իրաքում, Մալիում, Բուրունդիում, Հարավային Սուդանում, Էրիթրեայում, Պաղեստինի օկուպացված տարածքներում, Նիգերիայում և շատ այլ վայրերում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին:
ՄԱԿ գերագույն հանձնակատարն ԱՄՆ-ին մեղադրել է աֆրոամերիկացիներին ճնշելու համար, հայտարարելով, թե նրանք ավելի են ենթակա բռնության և հանցավորության, քան մյուսները, թե` նրանք կրթության, աշխատանքի տեղավորման և առողջապահության ավելի քիչ հնարավրոթյուններ ունեն: