12.jpg)
Եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ դիվանագիտական բանակցությունները շոշափելի արդյունքներ չտան, բացառված չէ ապրիլյան իրադարձությունների կրկնությունը կամ նույնիսկ ավելի լուրջ էսկալացիան: Այդ մասին ասվում է Stratfor-ում հրապարակված հոդվածում:
Վերլուծական կենտրոնը նշում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ դիվանագիտական բանակցություններն արագ տեմպերով են առաջ ընթանում. հուլիսի 12-ին Բաքվում այդ հարցի շուրջ քննարկումներ տեղի ունեցան ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի միջև:
Stratfor-ը նշում է, որ հանդիպման արդյունքների համաձայն ճեպազրույցի ընթացքում Լավրովն ասել է, որ ՙբանակցություններն ավելի մոտ են հաջողությանը, քան երբևէ, բայց, հասկանալի պատճառներով, Լեռնային Ղարաբաղի շուրջ հանդիպումների մանրամասները չեն բացահայտվում՚: Մամեդյարովն ի հերթին հայտարարել է, որ բանակցությունները նոր թափ են ստացել:
ՙՍակայն, գործողությունների բացակայության դեպքում երկարաժամկետ լուծման հեռանկարների առնչությամբ թերահավատությունն արդարացված է: Այս անսովոր դրական գնահատականները կարող են լավ նախանշան լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների համար, որոնք ավելի քան երկու տասնամյակ փակուղում էին՚,- նշում են Stratfor-ի վերլուծաբանները:
Ըստ որում, նրանք հիշեցնում են ընթացիկ տարվա ապրիլին հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման մասին, ինչի հետևանքով զոհվել ու վիրավորվել են ինչպես զինծառայողներ, այնպես էլ՝ խաղաղ քաղաքացիներ:
Փորձագետները նշում են, որ կային լայնամասշտաբ մարտական գործողությունների վերսկսման մտավախություններ, սակայն տարածաշրջանային տերություններն արագ արձագանքեցին ստեղծված իրավիճակին, և Ռուսաստանի և Արևմուտքի միջնորդությամբ ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ հաջողվեց հաշված օրերի ընթացքում կանգնեցնել էսկալացիան:
ՙԱպրիլյան իրադարձություններից հետո իրավիճակը հակամարտության գոտում հանգիստ է, սակայն դիվանագիտական բանակցություններն ընթանում են ամբողջ թափով: Ադրբեջանի համար, որը միշտ դժգոհ էր 1994 թվականի հրադադարից, դա լավ նորություն է: Չնայած ապրիլյան իրադարձություններից հետո Ադրբեջանը մեծ տարածքներ չկարողացավ գրավել՝ կարողացավ անակնկալի բերել Հայաստանին, ակտիվացնել բանակցությունները և միջազգային հանրության ուշադրությունը գրավել այդ խնդրի վրա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի նախագահմերի ամենամսյա հանդիպումների կազմակերպման միջնորդներ դարձան: Ռուսաստանն ամենակարևոր և ազդեցիկ միջնորդն է բանակցություններում, ինչը պայմանավորված է այն բանով, որ Հայաստանում է տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը: Բացի այդ, այն Ադրբեջանին զենքի խոշորագույն մատակարարներից մեկն է՚,- նշում է Stratfor-ը:
Միաժամանակ փորձագետները նշում են, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի է ունեցել Ալիև-Սարգսյան հանդիպումը:
ՙՉնայած ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պաշտոնյաները նույնպես մասնակցել են այդ քննարկումներին՝ Պուտինն առանձին հանդիպում է անցկացրել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ՝ առանց Արևմուտքի ներկայացուցիչների մասնակցության, ինչը, Լավրովի կարծիքով, օգնել է երեք նախագահների միջև «փոխըմբռնման՚ ձեռքբերմանը: Թե ինչ փոխըմբռնման մասին է խոսքը, ինչ հետևանքների այն կարող է հանգեցնել, դեռ պարզ չէ: Սակայն, ելնելով ԶԼՄ-ների և ռուսաստանցի պաշտոնյաների մեկնաբանություններից՝ խոսքը վերաբերում է փուլային կարգավորմանը, ինչը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի շրջակա 7 շրջանների աստիճանական հանձնում, ինչը տեղի կունենա ռուս խաղաղապահների միջնորդությամբ: Սակայն, կարգավորման այդ ծրագիրը վտանգ է պարունակում, քանի որ Հայաստանը չի ցանկանա կորցնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ դե-ֆակտո քաղաքական վերահսկողությունը և , ամենայն հավանականությամբ, տարածքային զիջումների չի գնա՚,- ասված է հոդվածում:
Ըստ որում, Stratfor-ի փորձագետները համոզված են, որ Ռուսաստանն ամենից քիչն է շահագրգռված խնդրի կարգավորմամբ, քանի որ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա ներգործության լավ գործիք է և թույլ է տալիս Մոսկվային մեկ քայլ առաջ լինել տարածաշրջանային իր մրցակիցներից՝ Թուրքիայից և ԱՄՆ-ից:
ՙՉնայած Լեռնային Ղարաբաղ ռուս խաղաղապահներ ուղարկելը կուժեղացնի Մոսկվայի ռազմական ներկայությունը՝ այն ռուսական զորքերն ավելի խոցելի կդարձնի ռազմական հակամարտությանն անմիջական ներգրավվածության առումով, ինչից Մոսկվան փորձում է խուսափել: Հետևաբար՝ ակտիվ դիվանագիտական բանակցություններին աջակցությունը, առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որևէ շոշափելի արդյունքի, օպտիմալ տարբերակ է Ռուսաստանի համար: Սակայն, եթե դիվանագիտությունը էական արդյունքների չհանգեցնի, բացառված չէ Ադրբեջանի կողմից հակամարտության գոտում նոր էսկալացիայի հրահրումը: Այս առնչությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պահանջում է ավելի շատ գործողություններ, քան խոսքեր՚,-նշվում է հոդվածում: