


ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է տեղեկատվություն տրամադրել 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության /ՊՊԾ/ գնդի տարածքի վրա կատաված զինված հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը, այս պահի դրությամբ ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները շարունակում են ինտենսիվ բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ՝ առանց հատուկ գործողությունների իրականացման իշխանություններին նրանց հանձնվելը կազմակերպելու և պատանդներին ազատ արձակելու նպատակով: ՙՀՀ իրավապահ մարմիններն անում են հնարավոր ամեն ինչ զինված խմբին նոր արյունահեղությունից հետ պահելու համար, և ունեն բավարար ներուժ և կարողություններ իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար:
ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է բոլորին չմիջամտել իրավասու մարմինների բացառիկ գործունեության տիրույթում գտնվող հարցերի լուծմանը, չխոչընդոտել նրանց գործողությունների պատշաճ և արդյունավետ իրականացմանը, դրանով իսկ աջակցելով ցանկալի վերջնարդյունքի նվաճմանը՚,- ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Սասնա Ծռեր» խմբավորման մասնակիցները երեկ երեկոյից քննարկում են Հայաստանի ԱԱԾ առաջարկություն-պահանջը և պետք է պատասխանեն մինչև այսօրվա ժամը 19:00-ը, հուլիսի 19-ին լրագրողներին հաղորդել է «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը:
Միևնույն ժամանակ, նա հրաժարվել է ներկայացնել հիմնական պահանջները, որոնք ԱԱԾ ներկայացնում է շենքը գրաված մարդկանց:



