
Հուլիսի 19-ի երեկոյան երկու հեռուստաալիքների լրագրողներին թույլ են տվել մուտք գործել հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից գրավված ՊՊԾ գնդի շենքին հարակից շրջափակված տարածք: Ելնելով անվտանգության նկատառումներից` լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ ընդհուպ գրավված շենքին, որտեղ պատանդներ են պահվում: Այնտեղ գնացել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով վերադառնալուց հետո հայտարարել է.
«Ըստ էության, ես ոչինչ չտեսա: Պարզվում է, կա խնդիրների ևս մեկ օջախ: Սարի թաղում բախում է տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանների միջև, ինչի արդյունքում երեք ոստիկան է վիրավորվել: Ըստ նախնական տվյալների, վիրավորումները հրազենային չեն: Թաղի բնակիչները քարեր են նետել ոստիկանների վրա», - նշել է Փաշինյանը: Մայարքաղաքի ոստիկանապես Աշոտ Կարապետյանը, իր հերթին, հաղորդել է, որ տուժած ոստիկաններին տեղափոխել են հիվանդանոց, բերման ենթարկվածներ չկան:
Որոշ ժամանակ անց Փաշինյանը հանդես է եկել նոր հայտարարությամբ և ներկայացրել է Սարի թաղի միջադեպի մանրամասները: Ընդդիմադիր պատգամավորն ընդգծել է, որ եղել է միջադեպի վայրում և կարող է վստահությամբ փաստել, որ իրավիճակը Սարի թաղում բավականին լարված է: Նրա ասելով, ճանապարհի մոտ թափված են եղել քարեր, բետոնի կտորներ, ստեղծվել են բարիկադներ, որոնցից մեկը այրվում էր: «Ըստ երևույթին, տեղի են ունեցել լուրջ բախումներ», - հայտարարել է Փաշինյանը:
Ընդ որում նա նշել է, որ մարդկանց հետ զրուցելիս հաջողվել է պարզել, որ իրենց գործողություններով նրանք աջակցություն են հայտնում «Սասնա Ծռեր» խմբավորմանը: «Նրանք նաև հայտարարել են, որ միանում են Հայաստանի նախագահի հրաժարականի վերաբերյալ «Սասնա Ծռերի» պահանջին: Երբ ես մոտենում էի, նրանք վանկարկում էին «Պավլիկ» («Սասնա Ծռեր» խմբավորման անդմներից` Պավել Մանուկյանը – խմբ.): Թաղի բնակիչները նաև դժգոհել են ոստիկանների վատ վերաբերմունքից: Ոստիկանություն բերման ենթարկվածներ չկան», - նշել է Փաշինյանը:
Նա նաև հավելել է, որ թաղի բնակիչները չեն հաստատել այն տեղեկատվությունը, թե բախումները տեղի են ունեցել կենցաղային հողի վրա: Անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե Երևան է ժամանում ռուսական ԱԼՖԱ խումբ, Փաշինյանը իշխանություններին կոչ է արել պաշտոնական պարզաբանում տալ այդ հարցի վերաբերյալ, քանի որ օտարերկրյա ուժային կառույցների մասնակցությունը Հայաստանի պետական գործերին անընդունելի է: Նա կոչ է արել ստեղծված իրավիճակը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով և թույլ չտալ արյունահեղություն:
Մինչդեռ բախման մասին հաղորդումից անմիջապես հետո Սարի թաղում եղած լրագրողները հաղորդել են, որ , ամենայն հավանականությամբ, քաղաքացիների և ոստիկանների միջև բախումների պատճառը տներում արդեն երրորդ օրը գազի բացակայությունն է և ջրամատակարարման պարբերաբար ընդհատումները: Լրագրողնեին հաջողվել է պարզել, որ մայրաքաղաում 40 աստիճան շոգի պայմաններում գազի և ջրի բացակայությունն է դժգոհություն հարուցել թաղի բնակիչնեի շրջանում: Եվ ջրի ու գազի մատաակարարման վերսկսման ժամկետը պարզելու փորձի ժամանակ էլ ծագել է բախում, ինչի արդյունքում ոստիկանության 4 աշխատակից է վիրավորվել: Ոստիկանության կողմից դեռ պաշտոնական հաղորդագրություն չի ստացվել: