

ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ-ից պատգամավոր Միքայել Մելքումյանն այցելել են Խորենացի փողոց, որտեղ արդեն չորրորդ օրն է, ինչ ՙՍասնա ծռեր՚ խմբավորումը ՊՊԾ գնդի տարածքում պատանդ է պահում ոստիկանության չորս աշխատակցի:
Պատգամավորները հայտնել են, որ ժամանել են՝ ՙՍասնա ծռերի՚ անդամների հետ հանդիպելու նպատակով: Սակայն Ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել նրանց մուտք գործել շրջափակված տարածք:
Այդ առնչությամբ Նաիրա Զոհրաբյանը տարակուսանք է հայտնել, թե ինչու որոշ պատգամավորների թույլ են տալիս հանդիպել ՙՍասնա ծռեր՚ խմբավորման հետ, մյուսներին՝ ոչ /խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ով 4-րդ օրն է մասնակցում է բանակցություններին-Խմբ./:
Պատգամավորներին սուլել են շենքի հարակից տարածքում հավաքված քաղաքացիները՝ ասելով ՙԻնչո՞ւ եք եկել: Առաջ ո՞ւր էիք: Գնացեք այնտեղ, որտեղից եկել եք՚:
Խոսքակռիվ է տեղի ունեցել ակտիվիստներից մեկի և Միքայել Մելքումյանի միջև:
Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնել ՙԲարգավաճ Հայաստանի՚ գործունեությունից՝ մեղադրելով իշխանություններին աջակցելու մեջ: Մելքումյանը փորձել է արդարանալ, սակայն հակառակը համոզել նրան չի հաջողվել: -



