Մի խումբ հայ մտավորականներ նամակով դիմել են Ժիրայր Սեֆիլյանին՝ խնդրելով հորդորել իր ընկերներին՝ վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին:
Հուլիսի 17-ին իրենց «Սասնա Ծռեր» անվանող ջոկատի զինված խումբը, բաղկացած 26 հոգուց, գրավել է Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Գրավման ընթացքում զոհվել է մեկ բարձրաստիճան ոստիկան, ևս 4-ը վիրավորվել են: Այսօր պատանդ են պահվհում չորս ոստիկաններ, որոնց թվում է նաև մայրաքաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Գնդի տարածքը և հարակից փողոցները լիովին շրջափակված են ոստիկանական ուժերի կողմից:
ՙՀարգելի Ժիրայր, Ձեզ ենք դիմում, վստահ լինելով, որ Դուք գնահատում ու կարևորում եք մտավորականի խոսքը, խնդրանքն ու բարի խորհուրդը: Այսօր Ձեր ընկերները, ովքեր մեր հայրենակիցներն են, դիմել են ծայրահեղ քայլի` զինված հարձակման և պատանդներ են վերցրել, սպանվել է ոստիկանության գնդապետ: Անսալով Ձեր բանականությանն ու հայրենասիրությանը, վստահ ենք, որ Ձեր խոհեմությամբ ու հորդորներով կմիջամտեք ու կկանխեք անպատասխանատու ու անհեռանկար այս իրավիճակն ու դեպքերի հետագա անցանկալի հետևանքները՝ հորդորելով Ձեր ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին: Հավատացած ենք, որ Ձեր և Ձեր ընկերների հետագա խոհեմ ու զգոն քայլերն ուղղված կլինեն ազգային միասնությանը, խաղաղությանն ու անվտանգությանը՚,- ասված է նամակում:
Նամակի տակ ստորագրել են՝ Ռուբեն Բաբայան, ռեժիսոր; Հովհաննես Չեքիջյան, դիրիժոր; Էդուարդ Թոփչյան, դիրիժոր; Տիգրան Մանսուրյան, կոմպոզիտոր;
Պերճ Զեյթունցյան, գրող; Երվանդ Մանարյան, դերասան, ռեժիսոր;
Ռոբերտ Էլիբեկյան, նկարիչ; Ռուբեն Մաթևոսյան,երգիչ; Սասուն Պասկևիչյան, երգահան; Լևոն Մալխասյան, ջազ-երաժիշտ; Ալեքսանդր Գրիգորյան, ռեժիսոր;
Արթուր Գրիգորյան, կոմպոզիտոր; Նորայր Մեհրաբյան, բալետմայստեր;
Սոնա Հովհաննիսյան, խմբավար; Շուշան Պետրոսյան, երգչուհի;
Նարեկ Հախնազարյան, երաժիշտ; Նունե Եսայան, երգչուհի;
Ժիրայր Դադասյան, ռեժիսոր; Ռոբերտ Մլքեյան , խմբավար; Վահան Բադալյան, ռեժիսոր; Արև Պետրոսյան, նկարիչ-դիզայներ; Նարեկ Դուրյան, դերասան;
Սերգեյ Սմբատյան, խմբավար; Ռոլանդ Շառոյան, գրող; Ալլա Լևոնյան, երգչուհի;
Նիկոլայ Ծատուրյան, ռեժիսոր; Գևորգ Հակոբյան, երգիչ; Ռուբեն Հովսեփյան, գրող:
Հուլիսի 19-ի երեկոյան Սարի թաղում տեղի են ունեցել բախումներ բնակիչների և ոստիկանների միջև, ինչի արդյունքում վիրավորված 4 ոստիկանների տեղափոխել են հիվանդանոց: Սարիթաղցիները բացահայտ աջակցություն են հայտնել «Սասնա Ծռերին» Եվ, չնայած այն հանգամանքին, որ անցած գիշերը հանգիստ է եղել գրավված ՊՊԾ գնդի շենքի մոտ, դրան հարող տարածքում գիշերն անցկացրել են մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր սատարում են «Սասնա Ծռերին»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, «Սասնա Ծռերի» տարածած հայտարարության համաձայն, նրանք պահանջում են ձևավորել ժողովրդի վստահության կառավարություն: