

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անթույլատրելի է համարում առանց պատշաճ բացատրության և հիմքերի ներկայացման քաղաքացիներին բերման ենթարկելը:
«Հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ պետք է տեղեկացվի ազատությունից զրկվելու պատճառների մասին: Սահմանադրության այս նորմը գործում է անմիջականորեն և ենթակա է անվերապահ կատարման: Տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված հաղորդումների և լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա ներկայում այցելություններ են կատարվում հավաքի վայր և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ: Պաշտպանի աշխատակազը շարունակում է աշխատել շուրջօրյա ռեժիմով և ռեսուրսների ողջ ծավալով», - ասվում է օմբուդսմենի հայտարարությունում:
Ինչպես արդեն հաղորդվել է, ոստիկանությունն այսօր զանգվածաբար բերման էր ենթարկում Խորենացի փողոցով անցնող քաղաքացիներին: Բերման ենթարկվածներին ավտոբուսներով տարել են Իսակովի պողոտա, որտեղ գտնվում է ոստիկանության բաժանմունքներից մեկը:


