
ՀՀ ոստիկանության դիտորդական խումբը այցելել է Երևանի ՁՊՎ եւ հանդիպել այնտեղ պահվող բոլոր ձերբակալվածների հետ, որոնց թվում էին նաև Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը և Անդրեաս Ղուկասյանը: Հաղորդվում է, որ հուլիսի 30-ին դիտորդական խումբը մեծ դժվարությամբ է մուտք գործել Երևանի ՁՊՎ, որովհետև մինչ ՁՊՎ-ի տարածք հասնելը ոստիկանները ամբողջությամբ շրջապատել և փակել են նշված հատվածը, ինչը մեծ խոչընդոտ էր հանդիսանում նաև ձերբակալվածների հարազատների համար նրանց հանձնուք փոխանցելու կամ տեսակցելու գործընթացին: Ամենածանր ու շատ մարմնական վնասվածքները առկա են եղել Անդրեաս Ղուկասյանի մոտ, ում Դիտորդական խմբի կողմից առաջարկվել է անհապաղ շտապօգնություն հրավիրել և բուժօգնություն ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է և պահանջել իր անձնական բժշկին, նշվում է հայտարարությունում: Դիտորդական խումբը հաղորդել է, որ տեւական հանդիպում է ունեցել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, որևէ գանգատ տվյալ պահին ՁՊՎ-ից և ՁՊՎ-ի վարչակազմից չի ունեցել: Դիտորդական խումբը այսօր առավոտից սկսել էր իր մոնիթորինգային աշխատանքները հենց Երևանի ՁՊՎ-ից, սակայն հանդիպել է խոչընդոտի: «Դիտորդական խումբը դիմում է ՀՀ ոստիկանությանը խնդրելով մեկնաբանել՝ Դիտորդական խմբի աշխատանքները խոչընդոտելու հանգամանքը ինչի հետ է պայմանավորված, եթե պաշտոնապես որևէ սահմանափակումների և գործողությունների վերաբերյալ չկա հայտարարություն:
Անկախ առաջին կետի պատասխանից, Դիտորդական խումբը հիմք ընդունելով՝ Երևան քաղաքի ՁՊՎ մոտենալու, մուտք գործելու ստեղծված խոչընդոտները, առաջարկում է ժամանակավորապես դադարեցնել տվյալ ՁՊՎ-ի գործունեությունը և այնտեղ պահվող ձերբակալվածներին անհապաղ տեղափոխել մարզային գործող ՁՊՎ-ներ և պահել այնտեղ», - ասվում է հաղորդագրությունում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՁՊՎ-ում դաժան ծեծի է ենթարկվել ակտիվիստ Անդրեաս Ղուկասյանըմ ում ձերբակալել են զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Ինչպես «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ Սարո Սարոյանը, ոստիկանները մահակով ջարդել են Ղուկասյանի ծնկները, նա ի վիճակի չէ շարժվել, նրանք նույնիսկ բուժկետ չեն տեղափոխել: Այդ առնչությամբ Սարոյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին խնդրել էր այցելել Ղուկասյանին եւ միջնորդել նրան բուժկետ տեղափոխելու համար: