
Երևանում զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման դյուցազներգությունը, որն ավարտվեց կիրակի երեկոյան, ևս մի նոր որմնաքար էր, ուղղված Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը: ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիք է հայտնել Թել-Ավիվի Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը:
«Իհարկե, «Սասնա ծռեր» խմբի տղաների նկատմամբ կընթանա երկարատև դատավարություն, սակայն, Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործում նրանց կատարած ավանդի արդյունքները կզգան նույնիսկ նրանք, ովքեր հիմա նստած են իշխանական կաբինետներում, ինչպես նաև նրանք, ովքեր անց էին կացնում հանրահավաքներ ու երթեր: Այս երկու շաբաթների ընթացքում ես հավատում եի, որ հայ ժողովրդի ներկայացուցիչները կցուցաբերեն իրենց դարավոր իմաստությունն ու խաղաղ ելք կգտնեն ստեղծված իրավիճակից: Այդպես էլ եղավ»,-նշել է նա:
Ըստ Ցինկերի բլից-վերլուծության, տեղի ունեցածը ներհայկական հակամարտություն էր, արտաքին ուժերի ազդեցությունը չէր զգացվում ոչ զինված խմբի, ոչ էլ հանրահավաքների միջոցով նրանց սատարող բնակչության գործողություններում: Հաշվի առնելով, որ զինված խմբի գործողությունները չսատարեց ոչ մի խորհրդարանական կուսակցություն, ինչպես նաև ղարաբաղյան պատերազմի վետերանների որևէ միություն, ՊՊԾ գնդի գրավումը չէր կարող վերածվել հասարակական շարժման և դատապարտված էր ձախողման:
Սակայն, երկրում տիրող իրավական և սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ հանրահավաքներում հնչեցված կոշտ քննադատությունները, ըստ Ցինկերի, նախազգուշացում էին գործող իշխանություններին: «Ժողովուրդը հոգնել է, երկրի կառավարման համակարգում պահանջոմ է արմատական վերափոխումներ, առայժմ` սահմանադրական դաշտի շրջանակներում, բայց համբերությունը կարող է սպառվել»,-գտնում է քաղաքագետը:
«Արցախի անվերապահ անկախ կարգավիճակի մասին լոզունգները, որոնք մեկ անգամ չէ, որ հնչեցվեցին զինված խմբի անդամների և ցուցարարների կողմից, յուրօրինակ մեսիջ էին Մինսկի խմբին, ինչպես նաև Հայաստանի ղեկավարությանը: Ցանկացած փոխզիջում հնարավոր է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հաստատման պայմաներում, որը ԼՂՀ քաղաքացիները դեռ 25 տարի առաջ են սահմանել իրենց համար»,-եզրափակել է Ցինկերը:
Հուլիսի 31-ին Հայաստանի ոստիկանությունը հրապարակեց «Սասնա Ծռեր» խմբի անզեն անդամների հանձնման մասին տեսանյութերը: Այն տեղի ունեցավ գեներալ Վիտալի Բալասանյանի հսկողությւան ներքո, որը, ըստ պաշտոնական տեղեկատվության, միակ միջնորդն էր իշխանության և խմբի անդամների միջև:
Իշխանություններին հանձնվեցին մնացած 20 զինյալները, որոնք հուլիսի 17-ին գրավել էին ՊՊԾ գնդի շենքը: Ընդունելով, որ «դա շատ բարդ որոշում էր, «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, շարժումը դադարեցնում է դիմադրությունը, փոխում պայքարի մեթոդները, որը կշարունակվի ռազմագերիների կարգավիճակով: