

«Սասնա Ծռերին» սննդամթերք հասցրած Արթուր Սարգսյանը պնդում է, որ ինքը ոստիկանների պատանդն էր, ԱրմԻնֆո-ին պատմել է նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Ինչպես Արթուր Սարգսյանը հայտարարել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր նկատմամբ խափանման միջոցի շուրջ քննարկման ժամանակ, ինքն է պատանդ եղել, երբ ցանկացել է դուրս գալ սնունդը տանելուց հետո, սակայն դիպուկահարներն իր վրա կրակել են: «Ես էի պատանդ, ուզում էի դուրս գալ՝ կրակում էիք: Իրականում դուք էիք հանցագործները եւ չէիք թողնում էդ տարածքից դուրս գամ», - ասել է Սարգսյանը: Նշենք, որ նա առողջությանն առնչվող խնդիրներ ունի:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, հուլիսի 26-ին Արթուր Սարգսյանը սեփական ավտոմեքենայով կարողացել էր ճեղքել ոստիկանական օղակը և հասնել «Սասնա Ծռերի» գրաված ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք` սննդամթերք տանելով ապստամբների համար: Արթուր Սարգսյանին առաջադրվել նույն մեղադրանքները, որոնք առաջադրվել են աապստամբներին. շենքերի, փոխադրամիջոցների զավթում և ոչնչացում, ապօրինի զենքի և զինամթերքի կրում, իրացում, կիրառում: Նրա նկտամամբ նույնպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:



