Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են ելք գտնել ղարաբաղյան ճգնաժամից, և Ռուսաստանը կարող էր դառնալ երաշխավոր, չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«ՌԻԱ Նովոստին» վկայակոչում է Ռուսաստանի ղեկավարի խոսքերը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյկանի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելիս: «Իրականում, կարծում եմ, թե Հայաստանը, թե Ադրբեջանը ցանկանում են ելք գտնել այդ հիմնախնդրի լուծման համար` խաղաղության, համաձայնության պայմաններում ապրելու և համագործակցելու, տնտեսությունները զարգացնելու նպատակով»: Նա ընդգծել է, որ նպատակը հենց այդպիսի արդյունքի հասնելն է. գտնել այնպիսի սխեմաներ, որոնց դեպքում ոչ ոք իրեն պարտված չզգա: «Որպեսզի լինի այնպիսի լուծում, որը մշակած լինեն Հասյաստանի և Ադրբեջանի ղեկավարները, որն ընդունելի լինի երկու պետությունների հասարակությունների համար: Ահա դա է ամենագլխավորը: Իսկ Ռուսաստանը, ինչպես և Մինսկի խմբի որոշ այլ երկրներ, կարող էին հանդես գալ որպես երաշխավոր», - ասել է Պուտինը:
Միևնույն ժամանակ, մեկնաբանելով Հայաստանին սպառազինության մատակարարումների հարցը, ՌԴ նախագահը հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, գոյություն ունի ծրագիր, և Ռուսաստանը կատարում է իր պարտավորությունները: «Ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա մենք ունենք ծրագիր, Հայաստանի հետ աշխատանքի ծրագիր, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Հայաստանը մեր դաշնակիցն է: Մենք ունենք որոշակի փոխադարձ պարտավորություններ, և Ռուսաստանը միշտ հավատարիմ է ստանձնած պարտավորություններին և միշտ կատարում է իր պարտավորությունները», - ասել է Պուտինը: ՌԴ նախագահը նաև նշել է, որ արդի աշխարհում ցանկացած երկիր կարող ձեռք բերել ցանկացած սպառազինություն: «Ադրբեջանը, որը նավթ արդյունահանող երկիր է, ունի շուրջ 10 միլիոն բնակչություն և արագ աճող տնտեսություն, ոսկու և արժույթի պահուստների բավականին մեծ ծավալ, անշուշտ, ի վիճակի է զենք գնել` որտեղից որ ցանկանա», - հավելել է Պուտինը:
Ընդ որում նա ընդգծել է, որ ինքը շեշտադրում չէր կատարի ռազմական ոլորտին: «Եթե մենք ցանկանում ենք լուծել խնդիրը, պետք է լուծել խաղաղ եղանակներով», - հայտարարել է նա: Ռուսաստանի նախագահն ընդսմին հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, թե Հայաստանն, իբր, պարտավորվել է Բաքվի վերահսկողությանը հանձնել Լեռնային Ղարաբաղի շրջանների մի մասը: «Նախևառաջ, ես ենթադրում եմ, որ իմ պարտականությունների մեջ չի մտնում մեկնաբանել իմ գործընկերների, այդ թվում՝ Ադրբեջանի, Հայաստանի կամ որեւէ այլ երկրի նախագահի հայտարարությունները: Կարծում եմ, որ եթե ցանկանում եք ավելի խորը տեղեկանք ստանալ, ապա պետք է դիմեք անմիջականորեն այս կամ այն հոդվածի հեղինակին», - հայտարարել է Պուտինը` պատասխանելով Սանկտ Պետերբուրգում եւ Բաքվում կայացած հանդիպումների արդյունում Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին առնչվող հայ լրագրողի հարցին:
Ռուսական պետության ղեկավարը նաև նշել է, թե «այդ բավականաչափ դժվար աշխատանքի ընթացքում կիրառվում են դիվանագիտական բոլոր ակտիվ միջոցները, այդ թվում զանգվածային լրատվամիջոցները` ինչ-որ հարցադրումներ հնչեցնելու և դրանց շուրջ դիրքորոշում ձեւակերպելու նպատակով»: