


Արմինֆո. Արդեն կա այն նախարարների ցուցակը, որոնք լքելու են կառավարությունը: Սեպտեմբերի 14-ին խորհրդարանում այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը` պատասխանելով լրագրողների հարցերին:
Ընդ որում` նորանշանակ վարչապետն անուններ չի նշել: Նա նաև հերքել է այն տեղեկությունները, թե չի ցանկանում աշխատել ՀՅԴ նախարարների և, մասնավորապես, տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ: «Ինձ համար կարևորն այն է, թե որն է այն ոլորտի զարգացման նրա տեսլականը, որն ինքը ղեկավարում է, այլ ոչ թե ` նրա կուսակցական պատկանելությունը», - ընդգծել է կառավարության ղեկավարը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ավելի վաղ հայտարարել էր, թե կուսակցությունը կպահպանի իր պորտֆելները նոր կառավարությունում: Նրա ասելով, այդ հարցը կարգավորվում է ՀՅԴ և ՀՀԿ միջև ստորագրված քաղաքական համագործակցության շուրջ փաստաթղթով, ինչից հետո դաշնակցականները ստացել են երեք նախարարական պորտֆել` տարածքային կառավարման, գիտության և կրթության ու էկոնոմիկայի:


