
Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում բեկում չլինելու հետևանքով հայկական կողմը պետք է պատրաստ լինի առաջնագծում պարբերաբար գնդակոծությունների: Սեպտեմբերի 4-ին ՀՅԴ կազմակերպած «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունը և մեր գործողությունները» խորհրդաժողովում հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Նրա ասելով, 1994 թվականին հրադադարի շուրջ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը` նպատակ ունենալով վերադարձնել վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ինչի գագաթնակետը նախորդ տարվա ապրիլյան պատերազմն էր: Նրա հավաստմամբ, հայկական զինված ուժերը բարձրացնում են առաջնագծի զինման մակարդակը` անհրաժեշտության դեպքում հակառակորդի արկածախնդրությանը համարժեք պատասխան տալու համար: Նրա ասելով, պաշտպանական գերատեսչության բարեփոխման շրջանակում ընդունվել է Հայաստանի ԶՈՒ հետևողական զարգացման նոր հայեցակարգ, որը ներկայացված է կառավարության 2017-2020թթ. գործունեության ծրագրում: Փոխնախարարը նաև փաստել է, որ սեփական ԶՈՒ հմտությունների կատարելագործման նպատակով Հայաստանը փոխգործակցում է միջազգային գործընկերների հետ` գործողությունների ծրագրի շրջանակում: Փոխնախարարի ասելով, տարբեր գործոններ հակառակորդին կարող են ստիպել ձեռնարկել հերթական արկածախնդություն, և հայկական կողմը հարկադրված կլինի պաշտպանական քաղաքականությունից անցնել այլ ակտիվ գործողությունների: «Մենք հաշվի ենք առնում հնարավոր բոլոր զարգացումները` ելնելով որոնցից իրականացնում ենք մեր զինված ուժերի պատարստությունը: Մենք ելնում ենք այն բանից, որ քանի դեռ չկա ղարաբաղյան հարցի քաղաքական լուծում, հայկական ԶՈՒ պետք է հնարավորություն ունենան ներգործելու հակառակորդի ագրեսիայի վրա», - ասել է պաշտոնյան, հավելելով, թե Հայաստանը վարում է բավականին իմաստուն քաղաքականություն` հարցի ուժային լուծման առիթ չտալով Ադրբեջանին: