


Արմինֆո.Ազգային Ժողովի շենքում տեղադրված ռումբի վերաբերյալ կեղծ ահազանգի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում։
Ինչպես հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 2-ին` վաղ առավոտյան,ահազանգ էր ստացվել 911 ծառայությունում՝ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու վերաբերյալ։ Կատարված անհրաժեշտ որոնողական աշխատանքների արդյունքում ահազանգը չէր հաստատվել և պայթուցիկ շենքում չէր հայտնաբերվել։
«Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով, որի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է այն հեռախոսահամարը, որից կատարվել է զանգը։ Ըստ նախնական տվյալների, հեռախոսահամարն օգտագործում է Երևանի մի բնակչուհի, ով հարցաքննվել է։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշված հեռախոսահամարի 2017թ. սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածի մուտքային և ելքային զանգերի վերծանումներն ստանալու համար, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում։


