


Արմինֆո. Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում:
<Բարեկամներ, մինչև իմ արձակուրդի ավարտը դեռ մի քանի օր կա: Ժամանակը, որն անցկացրեցի համեմատաբար հանգիստ, համոզեց մի կարևոր որոշման մեջ: Ես որոշել եմ թողնել դիվանագիտական աշխատանքը: Այդ որոշումն ինձ մոտ վաղուց էր հասունացել, և փոքրիկ գաղտնիք կբացեմ, վերջին տարիներին ես մի քանի անգամ դիմել եմ Երևանին ինձ հետ կանչելու խնդրանքով:
Վերջին անգամ այս տարվա մայիսին, բայց ամեն անգամ մերժում էի ստանում՝ խնդրանքով շարունակել գործունեությունը որպես Ուկրաինայում Հայաստանի դեսպան: Եվ խնդիրն անգամ այն չէ, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանի պաշտոնում աշխատել եմ երկու լիարժեք ժամկետ և անցել այդ պատասխանատու պաշտոնում մնալու բոլոր վերջնաժամկետները: Բանն այն է, որ այժմ Հայաստանում որակապես նոր իրավիճակ է, և անկեղծորեն կարծում եմ, որ եկել է ժամանակը՝ աճի և իրացման համար ճանապարհ տալու երիտասարդներին: Հուսով եմ՝ այս անգամ դրական պատասխան կստանամ>,- գրել է դիվանագետը:


