
Արմինֆո. Մայիսի 1-ին Արգենտինայի Հանրապետությունում գտնվող Արցախի պատվիրակությունը մասնակցել է Բուենոս-Այրեսում կայացած գրքի 45–րդ միջազգային փառատոնին: Հայտնի միջազգային միջոցառմանը մասնակից չորս տասնյակից ավելի երկրների շարքում Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով, որի հավաքածուն համալրվել է Արցախի պատվիրակության կողմից նվիրված գրքերով:
Փառատոնի շրջանակներում կայացել է միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետությանը, որին ներկա էին ավելի քան 1200 հանդիսականներ: Միջոցառմանը ելույթ է ունեցել Արցախի պատվիրակության ղեկավար Մասիս Մայիլյանը: Իր խոսքում նա, մասնավորապես, ընդգծել է Արցախի ժողովրդի առանձնահատուկ սերը գրքի և ընթերցանության հանդեպ։
Նախարար Մայիլյանը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի Հանրապետության հայկական կառույցների ներկայացուցիչներին (IARA) և բոլոր նրանց, ովքեր ապահովել են արդյունավետ այցի կազմակերպումը:
Ապրիլի 30-ին Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պատվիրակությունը Արգենտինայի խորհրդարանում հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի նախկին քաղաքապետ, Արգենտինայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար, իշխող կոալիցիայի մաս կազմող «Ռադիկալների քաղաքացիական միություն» կուսակցության անդամ Ֆակունդո Սուարես Լաստրայի հետ: Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի պատվիրակության այցի նպատակները: Անդրադարձ է կատարվել նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին ու կայունության հաստատման հեռանկարներին:
Նույն օրը Արցախի պատվիրակությունը հանդիպել է Արգենտինայի նախկին արտաքին գործերի նախարար, ազդեցիկ «Արդարության կուսակցության» նախագահ, Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր տնտեսական գոտու (Mercosur) խորհրդի անդամ Խորխե Թայանայի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացներին։ Կողմերը նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Ապրիլի 29-ին Բուենոս Այրեսի պետական համալսարանում կայացած «Հայոց Ցեղասպանություն և Շոա (Հոլոքոստ). ընդհանրություններ» գիտաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը` «Արցախի միջազգային ճանաչումը որպես նոր ցեղասպանության կանխարգելման միջոց» թեմայով:
ԱԳՆ ղեկավարը խոսել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության, խաղաղ կարգավորման շուրջ Արցախի իշխանությունների դիրքորոշման և Հարավային Կովկասում անվտանգության արդյունավետ ճարտարապետության կառուցման մասին: