
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է. ՙԽոր ցավով տեղեկացա ամերիկահայ ականավոր գիտնական, Հայոց ցեղասպանության պատմաբան և Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր Վահագն Տատրյանի մահվան մասին։
Անգնահատելի է պրոֆեսոր Տատրյանի գիտական վաստակը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում։ Որպես համեմատական ցեղասպանագիտության հիմնադիր՝ հայազգի անվանի գիտնականը բազում ծանրակշիռ աշխատություններ է գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, լրջագույն աշխատանք իրականացրել Ցեղասպանության իրավական և փաստագրական կողմերի հետազոտության բնագավառում։ Նրա թողած հարուստ գիտական ժառանգությունը կշարունակի մեծ դերակատարում ունենալ ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման գործում։ Խորին ցավակցություն եմ հայտնում Վահագն Տատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին։ Նրա հիշատակը և ազգանվեր գործունեությունը վառ կմնա հայ ժողովրդի սրտում։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն, իր հերթին, ցավակցական ուղերձ է հղել Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանի ուղերձում ասված է. «Խոր վշտով տեղեկացա ճանաչված գիտնական, հայոց ցեղասպանության նշանավոր հետազոտող, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Զորյան հաստատության՝ Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն Վահագն Տատրյանի մահվան մասին:
Վահագն Տատրյանը ծնվել է հայոց ցեղասպանությունից տասը տարի անց, Ստամբուլում: Եվ, թերևս, պատահական չէր, որ նա իր կյանքի մեծ մասը նվիրեց ցեղասպանությունների և հատկապես հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը՝ իր հեղինակած արժեքավոր մենագրություններով ու աշխատություններով մեծ ներդրում ունենալով հայոց ցեղասպանության միջազգայնացման և ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի գործում: Վահագն Տատրյանը գիտնական էր այդ բառի ամենալայն իմաստով. նա Բեռլինի համալսարանում ուսումնասիրել էր մաթեմատիկա, Վիեննայի համալսարանում՝ պատմություն, այնուհետև`միջազգային հարաբերություններ Ցյուրիխի համալսարանում, իսկ արդեն Չիկագոյի համալսարանում՝ սոցիոլոգիա: Մայրենի հայերենից բացի հրաշալի տիրապետելով ժամանակակից թուրքերենին և օսմաներենին, ինչպես նաև գերմաներենին, անգլերենին և ֆրանսերենին՝ Տատրյանը տարբեր երկրների արխիվների ուսումնասիրմամբ գիտական շրջանառության մեջ դրեց նոր փաստաթղթեր հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ի թիվս այլ պարգևների՝ 2009թ. Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում ունեցած ծանրակշիռ վաստակի համար նա արժանացել է Հանրապետության նախագահի մրցանակի: Դոկտոր Տատրյանին ճանաչել եմ ոչ միայն որպես փայլուն գիտնականի, այլև միջազգային հարաբերությունների ոլորտի հրաշալի մասնագետի և մարդու, ում հետ շփվելը պատվաբեր էր և ուսանելի: Այդ հիշողությունները և նրա հիշատակը միշտ վառ կմնան նրան ճանաչողների և նրա վաստակը գնահատողների մեջ: Անկեղծ ցավակցություններս եմ հղում Տատրյանների ընտանիքին, նրանց հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»: