


Արմինֆո. Քանի դեռ նախկին իշխանությունները փորձում են գլուխ բարձրացնել ու ռևանշի մասին երազել, մենք Նիկոլ Փաշինյանի թիկունքին ենք կանգնելու, և թույլ չենք տա նախկին իշխանություններին որևէ հաջողության հասնել։ Այս մասին սեպտեմբերի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է <Սասնա Ծռեր> կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը։
<Հայաստանը կանգնած է ինքնիշխան պետության ձեւավորման կարեւոր փուլում, մասնավորապես՝ բարեփոխումների փուլում, որից երեք տասնամյակ շարունակ նախկին իշխանություններն ամեն կերպ խուսափել են: Ցավոք, այս ծանր բեռը դրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուսերին, բայց, բարեբախտաբար, նա միայնակ չէ>, - ասել է Սեֆիլյանը ՝ նշելով, որ Կրեմլում օրեցօր սպասում են Փաշինյանի վարկանիշի անկմանը ՝ գործող իշխանությունը փոխելու նպատակով ։
<Քանի Փաշինյանի վարկանիշը ընկած չէ, նրա մազին անգամ կպնել չեն կարող`ոչ ՌԴ-ն, ոչ ռևանշիստները: Կրեմլը ցանկանում է, որ այս իշխանությունը ձախողվի ։ Գազի գինը պետք է արդեն երկու անգամ նվազեր, մինչդեռ մենք տեսնում ենք, որ այն թանկանում է։ Իմ տեղեկություններով ՝ մոտ ժամանակներս ռուսական գազի գինը ավելի կթանկանա>, - հայտարարել է Սեֆիլյանը ։
Կուսակցության ղեկավարը նաև ողջունել է Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող դիմադրության փորձերը՝ առանձնացնելով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկությունը:



