


Արմինֆո.Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի առնչությամբ:
«Հարգելի’ ընտրողներ, ձեզ ենք ներկայացնում ս.թ. ապրիլի 14-ին անցկացվելիք Արցախի Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրություններին մասնակցելու և քվեարկելու կարգը: Միաժամանակ խնդրում ենք ընտրական տեղամաս ներկայանալիս պահպանել հետևյալ լրացուցիչ կանոնները.
մինչև տեղամաս մտնելը տեղամասային կենտրոնում ստանալ մեկանգամյա օգտագործման դիմակ, ձեռնոց, ախտահանվել ալկոհելով և վերցնել անհատական գրիչ;
անպայման կրել տրամադրված դիմակն և ձեռնոցը;
մեկ մյուսից պահպանել սոցիալական հեռավորություն (առնվազն 1 մետր);
ընտրողների ցուցակում գրառումներ կատարող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին ցույց տալ Ձեր անձը հաստատող փաստաթուղթը `առանց փաստաթուղթը նրան առձեռն տրամադրելու;
տեղամասում Ձեր կողմից օգտագործված պաշտպանիչ միջոցները տեղամասից դուրս գալուց հետո լցնել դրա համար նախատեսված աղբարկղի մեջ: Եղե’ ք առողջ», - ասվում է այտարարությունում:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին հրամանագիր է ստորագրել երկրում արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանելու մասին՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու եւ կորոնավիրուսի համաճարակի վտանգից բնակչությանը պաշտպանելու նպատակով: Ացախում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6 դեպք, մեկուսացվածների ընդհանուր թիվը կազմում է 12 մարդ: COVID-19-ի թեստավորում է անցել 57 քաղաքացի։



