
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության ընտրյալ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախում նախագահի ընտրությունների երկրորդ փուլում հաջողության հասնելու և Արցախի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ։
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Արայիկ Հարությունյանը նախագահի պաշտոնը ստանձնելու է Արցախի համար շատ բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում՝ պայմանավորված աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով և մասնավորապես մեր տարածաշրջանում ընթացող բարդ աշխարհաքաղաքական գործընթացներով։ «Արցախի Հանրապետությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ կայացած երկիր է՝ իր պետական մարմիններով և, ամենակարևորը, իր քաղաքացիներով: Այսօր առավել քան երբևէ մենք միասնական ու համախմբված լինելու կարիք ունենք»,-ասել է Հայաստանի նախագահը։
Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Արայիկ Հարությունյանը կկարողանա ամրապնդել համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտը Արցախում, կազմակերպել և ապահովել Արցախի անվտանգությունը, տնտեսական ու քաղաքական զարգացումը, համախմբել ժողովրդին միասնական նպատակների շուրջ։
Նշենք, որ նախօրեին Արցախում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլ էին դուրս եկել Արայիկ Հարությունյանը, որն առաջին փուլում ստացել էր ձայների 49,26 տոկոսը, եւ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ով ստացել էր 26,4 տոկոս:
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով ՝ ապրիլի 14-ի ժամը 20:00-ի դրությամբ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է 47050 մարդ (44,9%): Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեին Արցախի ավելի քան 103 հազար քաղաքացի։
<Արայիկ Հարությունյանն՝ Արցախի Հանրապետության հաջորդ նախագահ. նախնական արդյունքներն՝ ավելի քան 87 տոկոս. շնորհավորում եմ բոլորիս>,- Facebook-ի իր էջում գրել է <Ազատ հայրենիք> կուսակցության մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։
Դրանից հետո Հարությունյանը հանդես է եկել ժողովրդին ուղղված ուղերձով, որում, մասնավորապես, ասվում է. <2020թ-ի համապետական ընտրական մարաթոնն ավարտված է: Շնորհավորում եմ բոլորիս: Իսկ շնորհավորանքի առիթը բավականին ծանրակշիռ է. պանդեմիայի պարտադրած բարդ պայմաններում մենք բոլորս կարողացանք առանց ցնցումների հաղթահարել քվեարկության 2 փուլերը:
Քվեարկության ակտիվության թեմայով դատողությունները թողնենք քաղաքագետ-վերլուծաբաններին: Իմ կարծիքը հետևյալն է. մեր հայրենակիցների մի մասը` և՛ իմ, և՛ մյուս թեկնածուի կողմնակիցներից, գուցե թե մտածեց, որ ընտրության արդյունքը կանխորոշված է և իր մասնակցությունն այդքան էլ պարտադիր չէ:
Այս ամենով հանդերձ՝ արձանագրում ենք Արցախի Հանրապետության անցումը ժողովրդավարության հաջորդ աստիճանին: Անթերի ոչինչ չի լինում՝ անգամ շատ ավելի կայացած երկրներում: Ժամանակ անց, երբ միջազգային գործընկերները կայցելեն մեր տարածաշրջան, ավելի մոտիկից կկարողանան գնահատել մարդու հիմնական իրավունքների իրացման հանձնառությունը մեզ մոտ ու համեմատել որոշ ճանաչված պետությունների հետ: Գնում ենք առաջ: Պարտավո՛ր ենք կառուցել մեր ժողովրդի բարեկեցիկ ապագան: Հաջողություն բոլորիս>։