


Արմինֆո. Թեհրանի եւ Բաքվի միջեւ դիվանագիտական սկանդալ է հասունանում՝Լեռնային Ղարաբաղի պատճառով։
Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովի հետ ։
Հեռախոսազրույցի ժամանակ Արաքչին նշել է, որ Թեհրանը հարգում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Ընդ որում, նա հավաստիացրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած գործողության, որը կարող է հակամարտություն հրահրել երկու հարեւան երկրների ՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ:
Առաքիչը նաեւ հերքել է իրանական համարներով բեռնատարների՝ <Ադրբեջանի օկուպացված տարածքներ> վառելիք, հումք եւ պարենամթերք տեղափոխելու մասին տեղեկատվությունը: Իրանի փոխարտգործնախարարը նաև երախտագիտություն է հայտնել ադրբեջանական կողմին կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար՝ նշելով, որ չնայած պանդեմիայի շրջանում սահմանների փակմանը, երկու երկրների միջև իրականացվել են բեռնափոխադրումներ, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներ:
Նշենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էին իրանական բեռնատարներ, որոնք, իբր, Արցախ են տանում վառելիք ու սննդամթերք ։ Դա լայն արձագանք է առաջացրել Ադրբեջանում՝ ընդհուպ Իրանի դեսպանին բացատրությունների համար Ադրբեջանի ԱԳՆ կանչելու պահանջը։


