
Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված անձանցից 403-ի վիճակը ծանր է, 94-ինը՝ ծայրահեղ ծանր։ Այս մասին հունիսի 8-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
<Թիվը վերջին օրերին կարծես թե կայուն է, ինչը մի կողմից լավ է, սակայն, միևնույն ժամանակ, բացարձակ թվով շատ բարձր է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը քչանա, իսկ դրան կարող ենք հասնել ընդհանուր թվի քչացման արդյունքում>,- նշել է նա։
Նախարարի տեղեկացմամբ, Հայաստանի Հանրապետությունում ծավալման աշխատանքների արդյունքում կավելացվի մոտ 350 սովորական և ռեանիմացիոն մահճակալ, ինչը 15 տոկոսով ավելին է, քան այսօր գործում է։ <Մենք արդեն տեղեկացրել ենք, որ տեղի են ունենում ծավալման նոր աշխատանքներ։ Անհրաժեշտ է ծավալման երկրորդ փուլ, մենք արդեն ունեցել ենք առաջինը, որն անկախ Հայաստանի պատմության ընթացքում աննախադեպ է եղել։ Առողջապահական համակարգը նման մոբիլիզացիա երբեք չի ունեցել։ Ծավալված այն 2000 մահճակալներից որոշները ծավալվել են զրոյից, նույնիսկ չօգտագործվող շենքային պայմաններում>,- ասել է Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ Դիլիջան բժշկական կենտրոնը 55 սովորական և 5 վերակենդանացման մահճակալներով 2-3 օրից կմիանա կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին և կսկսի ընդունել կորոնավիրուսով հիվանդների։ Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ-ի մեկ բաժանմունք (40 մահճակալ):
<Երևանում նույնպես շարունակվում են ծավալման աշխատանքները։ Մենք ունենք նոր ռեանիմացիոն մահճակալներ <Սուրբ Աստվածամայր> ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղում, որտեղ դրանք 43-ն էին։ Այժմ ավելացվել է ևս 14-ը։ Մայրաքաղաքում կա ևս մեկ մասնավոր բժշկական կենտրոնի ներգրավում՝ <Արմենիա> ԲԿ-ն, որտեղ այսօր արդեն սկսված քննարկումների արդյունքում հավանաբար կծավալվի 50 մահճակալ միջին ծանրության դեպքերի համար և 8 մահճակալ ծայրահեղ ծանր և ծանր դեպքերի համար>,- ընդգծել է Արսեն Թորոսյանը։