
Արմինֆո. Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
<Թվային առումով ունենք հետևյալ պատկերը՝ երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի՝ ի տարբերություն նախորդ օրվա 428-ի: Սա բացարձակ թվով, իհարկե, նշանակալի աճ է, սակայն պետք է փաստենք նաև, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքան տոկոսով մեծ եղել. արվել է 2233 թեստ՝ նախորդ օրվա 1751-ի փոխարեն: Դրական նոր թեստերի տոկոսն ընդհանուր թեստերի մեջ մոտավորապես կրկին նույնն է՝ 25 տոկոս նախորդ օրվա 24 տոկոսի համեմատ: Սա կարևոր ցուցանիշ է, իհարկե, կարևոր է նաև բացարձակ թիվը՝ սպասարկումը հասցնելու տեսանկյունից: Ես դրան էլ քիչ անց կանդրադառնամ: Ցավով պետք է նշեմ, որ ունենք 18 մահվան դեպք, և ընդհանուր մահերի թիվն այսպիսով դառնում է 245: Երեկվա դրությամբ ունեցել ենք հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն՝ մահճակալային ֆոնդի տեսանկյունից: Գումարային ունեցել ենք մոտ 500 հոգի ծայրահեղ ծանր և ծանր, սակայն կարող եմ փաստել, որ հիմնական մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են՝ այդպիսի կարիք ունեցող պացիենտներին տեղավորելու համար: Եվ ամենակարևոր ցուցանիշը, որին մենք վերջին օրերին հաճախ անդրադառնում ենք՝ հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է այս պահին: Առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ մենք ունենք ընդամենը 32 հոգի, ովքեր կարիք ունեն հոսպիտալիզացիայի, որից ընդամենը 4-ն են տանը և մնացած 28-ը այլ հիվանդանոցներում են, սակայն պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ կամ հիվանդանոցներ:
Ընդհանուր գնահատականն այն է, որ իրավիճակը, իհարկե, շարունակում է մնալ լարված, սակայն հզորությունների զարգացմանը զուգընթաց այդ լարվածությունը կոմպենսացվում է մեր հնարավորությունների աճով, մեր սպասարկման ունակություններով, ինչը, իհարկե, չի նշանակում, որ մենք չպետք է մեր զսպողական միջոցառումները շարունակենք և ուժեղացնենք, ինչպես ամենասկզբից և այսպիսով այս կառավարելի վիճակը պահենք՝ ինչքան հնարավոր է երկար և գնանք դեպի անկման: Հետևաբար, կարծում եմ, որ պարետատան որոշումների շրջանակում ամեն ինչ պետք է շարունակենք, պարոն վարչապետ, խստացնենք կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը՝ սկսած սովորական քաղաքացիներից վերջացրած տնտեսվարող սուբյեկտներով և իրավիճակի զարգացմանը զուգընթաց, եթե կարիք լինի, նաև որոշումներ փոխենք ըստ իրավիճակի>,- ասել է նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ մեր նպատակադրումը և ռազմավարությունը հետևյալն է՝ անընդհատ խստացնել և ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը հանրության շրջանում, և մենք դա ենք դիտում որպես կորոնավիրուսի համավարակի թվերի անկման հիմնական միջոց: <Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ այսօրվա մեր, ենթադրենք 100 տոկոսանոց, կարգապահությունն իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո, այսինքն՝ այսօր մենք տեսնում ենք մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակը:
Էլի ուզում եմ մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որպեսզի ճշգրտորեն պահվեն հակահամաճարակային կանոնները, որոնք մենք հնարավորինս պարզ ձևակերպել ենք՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն: Եվ փորձը ցույց է տալիս, որ այս կանոնների պահպանումը բերում է գրեթե 100 տոկոսանոց արդյունքի, այսինքն՝ վարակման դեպքերի 95 տոկոսը - որովհետև 5 տոկոսանոց այլ հավանականություն կա - նշանակում է՝ կամ դիմակ չի կրվել, կամ սոցիալական հեռավորություն չի պահպանվել, կամ ձեռքերը պարբերաբար չեն ախտահանվել, կամ 3-ը միասին: Սա ակնհայտ է: Դեպքերի 95 տոկոսը հետևանք է դիմակ չկրելու, ձեռքը չախտահանելու, սոցիալական հեռավորությունը չպահպանելու:
Ցանկանում եմ մեր ուշադրությունը հրավիրել առ այն, որ վերջին շրջանում մեզ համար շատ լուրջ խնդիր է դառնում հուղարկավորությունների, հոգեհանգիստների ժամանակ պարետատան սահմանած կանոնների չպահպանումը: Այստեղ շատ կարևոր դեր ունեն ոչ միայն ոստիկանությունը, այլև տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքները, որոնք ամեն նման դեպքում պետք է կարողանան ճիշտ կոմունիկացնել, հաղորդակցության մեջ մտնել քաղաքացիների հետ՝ նրանց ներկայացնելով իրավիճակի ողջ բարդությունը և այս իրավիճակում հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտությունը: Մենք արդեն բազմաթիվ դեպքեր ենք ունենում, երբ վարակի տարածման պատճառը հուղարկավորությունների և հոգեհանգստյան արարողությունների ժամանակ հակահամաճարակային կանոնները չպահպանելն է:Հաջորդ խնդիրը, այսպես ասած, ընդհատակյա հարսանիքներն են, և սա նույնպես դառնում է խնդիր - իմիջայլոց, առաջին օրվանից էլ այդպես է եղել, բայց այն ժամանակ ընդհատակյա չեն եղել այդ միջոցառումները կամ էլ եղել են ընդհատակյա: Եվ շատ կարևոր է, որ մեր սիրելի հայրենակիցները չափազանց լուրջ մոտենան խնդրին:
Էլի ցանկանում եմ ասել՝ մեր գաղափարախոսությունը հետևյալն է, որ այս խնդիրը հնարավոր է լուծել կառավարության և քաղաքացիների միջև զանգվածային համագործակցության միջոցով: Մեր կառավարությունը ձևավորվել է քաղաքական հարթակի և քաղաքացիների զանգվածային համագործակցության շնորհիվ: Դա ընդհանրապես մի գաղափարախոսություն է, որն ընկած է մեր քաղաքական գործունեության հիմքում, և բոլոր այն մակրոխնդիրները, որ լուծել ենք, և այն մակրոխնդիրները, որ պիտի լուծենք, բոլոր դեպքերում դրանց հիմքում ընկած է լինելու նույն բանաձևը՝ կառավարության և քաղաքացիների զանգվածային համագործակցությունը: Եվ, հետևաբար, այս իրավիճակում կառավարության և քաղաքացիների զանգվածային համագործակցությունը պետք է արտահայտվի՝ ա) հակահամաճարակային կանոնների արդյունավետ սահմանմամբ բ) այդ կանոնների ճշգրիտ պահպանմամբ:
Իհարկե, անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն նաև վարչական մեթոդներ, պետք է կիրառվեն նաև պատժիչ գործողություններ: Բայց ես էլի շարունակում եմ ասել, որ վարչական գործողությունները կարող են լինել արդյունավետ, երբ վարչական հարկադրանքի ենթակա գործողությունը կատարում է հանրության 10, առավելագույնը՝ 20 տոկոսը: Բայց եթե այդ գործողությունն անցնում է 20 տոկոսի շեմը՝ 20, 30, 40 տոկոս, աշխարհում չկա որևէ վարչական մարմին, որ կարողանա այդ մեթոդով հսկողության տակ պահել իրավիճակը: Իհարկե, մենք տեսնում ենք նաև, ակնհայտ է, որ կա դինամիկա, բայց մենք էլի հավատում ենք, որ այդ դինամիկան ոչ միայն վարչական միջոցների արդյունք է, այլև քաղաքացիների հետ մեր շարունակական, հետևողական, անհոգնել երկխոսության, և մենք այդ երկխոսությունը շարունակելու ենք անընդհատ, քանի դեռ այս խնդիրը լուծված չէ:
Էլի ցանկանում եմ ընդգծել, որ մեր հայեցակարգի մյուս կարևոր հարցը հետևյալն է՝ համաճարակը, ճգնաժամը որպես հնարավորություն՝ հասնելու ավելի խորը և բովանդակային փոփոխությունների, և մեր խնդիրն է նաև՝ այս համավարակի հաղթահարման արդյունքում հասնել այդ թվում քաղաքակրթական մակարդակի փոփոխությունների, որոնք կարտահայտվեն մեր հանրության ամենօրյա կյանքում>,- ասել է Փաշինյանը։