
Արմինֆո. <Մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, և Ռուսաստանն այստեղ մի քանի դերակատարում ունի>,-ֆրանսիական Tv5Monde հեռուսաալիքին հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
<Նախ առաջինը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող երկիր է, և երկրորդը՝ Ռուսաստանն ունի որոշակի անվտանգային պարտավորություններ: Հայաստանը և Ռուսաստանն ունեն անվտանգային ոլորոտում ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Այս առումով, Ռուսաստանն անվտանգային որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ և երեկ էլ Ռուսաստանի Դաշնության նախագահը հրապարակային հայտարարեց, որ Ռուսաստանն ըստ անհրաժեշտության իր անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ կկատար>,- ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, որ Ադրբեջանն ու իր դաշնակից Թուրքիան, հղում անելով միջազգային իրավունքին, նշում են ՄԱԿ-ի բանաձևերը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է․ <Կրկին մենք հանգում ենք մի իրավիճակի, երբ շատերը խոսում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մինչև 1993 թվականին ընդունված բանաձևերի մասին, բայց ոչ բոլորն են, որ ուշադիր կարդացել են, թե ինչ է գրված այդ բանաձևերում: Այդ բանաձևերում գրված է, որ Ադրբեջանը խախտելով զինադադարի միջազգային պայմանավորվածությունը, դրա արդյունքում ունեցել է տարածքային կորուստներ, որովհետև Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը ստիպված են եղել պաշտպանվել, այսինքն, արձագանքել հրադադարի այդ խախտմանը: Շատերն ասում են, մեջբերում են Հայաստանին այդ համատեքստում, բայց Հայաստանի ներգրավվածության մասին անվտանգության խորհրդի բանաձևերում որևէ բան գրված չէ: Ես էլի ուզում եմ ընդգծել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են 1993 թվականին, շատ կոնկրետ օպերատիվ իրավիճակում և վերաբերվել են հենց այդ կոնկրետ օպերատիվ իրավիճակին: Իսկ դրանից հետո տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային ֆորմատի հիմնադրում և ԵԱՀԿ Մինսկի համանախագահության մասին է խոսքը, որը որոշակի բանաձև է առաջարկել, աշխատանք է իրականացրել հարցի կարգավորմանը հասնելու համար>։
<Ես նախ ուզում եմ ընդգծել՝ հայ ժողովրդի և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի գոհունակությունը Ֆրանսիայի նախագահի անկեղծ և շիտակ, ճշմարտության վրա հիմնված դիրքորոշումների առիթով: Կարող եմ ուղիղ ասել՝ ակնկալում եմ, որ Ֆրանսիայի նախագահը և Ֆրանսիան ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև այն մտահոգությունները, որ Էմանուել Մակրոնը բարձրացրել է, այսօրվա իրավիճակում այդ մտահոգությունները լուծելու այլ տարբերակ ուղղակի չկա, որովհետև սա կարող է վերածվել մի մեծ հումանիտար աղետի: Բայց, որը նաև իր ահաբեկչական ճառագայթները և իր ահաբեկչական ալիքները կարող է տարածել մեր տարածաշրջանում ավելի լայն իմաստով: Եվ իհարկե, սա ուղիղ սպառնալիք է գլոբալ անվտանգությանը՝ հաշվի առնելով Թուրքիայի գործոնը և քաղաքականությունը: Իմ ակնկալիքն իրոք այն է, որ Ֆրանսիան ուղղակի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը>,- ասել է ՀՀ վարչապետը։