


Արմինֆո. Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում վճռորոշ դեր է կատարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այդ մասին ռուս լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
<Կապվել ենք նաև Սերգեյ Շոյգուի հետ, քանի որ հրադադարի հայտարարումը բավարար չի լինի, եթե այնտեղ չլինեն հրադադարի ապահովման վերահսկման մեխանիզմներ ։ Համաձայնեցված փաստաթղթի երկրորդ կետը նախատեսում է այդ մեխանիզմը։ Վերջին օրերի ընթացքում ես մի քանի անգամ շփվել եմ իմ գործընկերների հետ Բաքվում և Երևանում, նույնն արել է Սերգեյ Շոյգուն պաշտպանության նախարարների հետ։ Մեր հիմնական ուղերձն ամեն դեպքում հետևյալն է՝ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և հանդիպել զինվորականների հետ, որպեսզի անհապաղ համաձայնեցնեն հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմները, որի մասին ասվում է մեր փաստաթղթում, որը դեռ ոչ մեկը չի էլ սկսել քննարկել։ Համապատասխան ուղերձները ես վերահաստատեցի հենց կես ժամ առաջ, երբ ինձ զանգահարեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, նույնպիսի ուղերձ մենք ուղարկում ենք մեր հայ գործընկերներին, կարծում եմ՝ այս պահին դա բանալին է հրադադարի կայուն հաստատման>,- ասել է Սերգեյ Լավրովը։
Ճշգրտող հարցին, թե վերահսկողության ինչ մեխանիզմի մասին է խոսքը, ՌԴ ԱԳ նախարարն արձանագրել է, որ ցանկացած հակամարտությունում, երբ քաղաքական գործիչները հասնում են հրադադարի մասին համաձայնագրին, անմիջապես զինվորականները համաձայնեցնում են, թե դրա համար ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, ով օբյեկտիվորեն կհետեւի հրադադարի ռեժիմի պահպանմանը: Նրա խոսքով ՝ դա ընդունված պրակտիկա է ցանկացած հակամարտությունում, այդպես էլ եղել է 1994 թվականին Լեռնային Ղարաբաղում։



