


Արմինֆո.Պաշտոնական Երևանը դեռևս օգնության համար չի դիմել ՀԱՊԿ-ին, հայտարարել Է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
<Այս պահին ՀԱՊԿ քարտուղարություն հայկական կողմից օգնության համար ոչ մի դիմում չի ստացվել>, - ասել է Զայնետդինովը <Ինտերֆաքս> - ին:
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը։
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի այս կոչին ՝ ընդգծելով, որ Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ օժանդակություն, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք։
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի սկզբին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ կազմակերպությունը անհապաղ ռազմական օգնություն կցուցաբերի Հայաստանին՝ տարածքային ամբողջականության համար իրական սպառնալիքի կամ ուղղակի ռազմական հարձակման դեպքում:



