


Արմինֆո. Երևան-Գյումրի-Երևան երթուղու ԷՊ2Դ արագընթաց էլեկտրագնացքները, որոնց ուղերթները ժամանակավորապես կասեցվել են տեխնիկական պատճառներով, վերսկսում են իրենց աշխատանքը: Այսուհետ ուղևորները կարող են գնել տոմսերը նաև առցանց՝ նախապես ամրագրելով տեղերը https://www.railway.am/arm/forpassaj կայքում:
Ինչպես հաղորդել է ՀԿԵ մամուլի ծառայությունը, չվացուցակն անփոփոխ է. Երևանից արագընթացները կմեկնեն ամեն ուրբաթ, շաբաթ և կիրակի ժամը 09:15-ին, Գյումրիից՝ 17:55-ին:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:



