


Արմինֆո. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը մայիսի 16-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են պաղեստինաիսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ՝ Լեռնային Ղարաբաղը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, այդ մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած գրավոր հայտարարությունում: "Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրենց ընդհանուր մտահոգությունը Իսրայելում, Արեւմտյան ափին եւ Գազայում շարունակվող բռնությունների կապակցությամբ, ինչպես նաեւ իրենց փոխգործակցությունը տարածաշրջանի գործընկերների հետ ՝ հանդարտության հասնելու համար: Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Լե Դրիանը, խոսել են նաև համագործակցության մասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններ, և ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը", - ասվում է հաղորդագրության մեջ:
Հարկ է նշել, որ նախօրեին Ֆրանսիայի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում ադրբեջանական զինված ուժերի անօրինական գործողությունների կապակցությամբ։


