


Արմինֆո.Երկկողմ համագործակցության հիմնական հարցեր, ներառյալ համատեղ խոշոր ներդրումային նախագծերի իրականացումն են քննարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի հեռախոսազրույցի ընթացքում:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հրադադարի ռեժիմի ապահովման, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցառումների մասին:
Հանգամանալից քննարկվել են միջազգային օրակարգի արդիական թեմաներ: Նշվել է, որ հիմնականում ռուս-իրանական համակարգված ջանքերի շնորհիվ հաջողվել է պահպանել Սիրիայի պետականությունը, վերացնել միջազգային ահաբեկչության խոշոր օջախը: Երկու կողմից էլ արտահայտված է սիրիական կարգավորման հարցում հետագա համակարգման տրամադրվածությունը, այդ թվում ՝ Աստանայի ձևաչափի շրջանակներում։
Ուշադրություն է դարձվել Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին: Ռուսաստանն ու Իրանը կողմ են դրա լիարժեք իրականացմանը՝ ի սկզբանե համաձայնեցված շրջանակներում ։ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ նոյեմբերի վերջին Վիեննայում այդ խնդրի շուրջ նախատեսված բանակցությունները կանցնեն կառուցողական հունով:
Աֆղանստանի իրադրության շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ ընդգծվել է այդ երկրում խաղաղության եւ կայունության հաստատմանն աջակցելու պատրաստակամությունը: Ռուսաստանի նախագահը հայտնել է մոտ ժամանակներս Քաբուլ ռուսական մարդասիրական օգնության՝ պարենի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխման մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում:


