


Արմինֆո.Թուրքիան եւ Հայաստանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը քննարկելու համար։ Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում։
Թուրքիայի ԱԳ նախարարը նաեւ հայտարարել է Ստամբուլի եւ Երեւանի միջեւ չարտերային չվերթների վերսկսման մասին: "Առաջիկայում մենք չարթերային չվվերթներ կսկսենք Երեւանի եւ Ստամբուլի միջեւ", - ասել է նա:
Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան կգործի Ադրբեջանի հետ համակարիգված՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերի շուրջ: "Մենք Ադրբեջանի հետ ինտենսիվ դիվանագիտական ջանքեր ենք գործադրում կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ բարգավաճման համար", - հավաստիացրել է թուրք դիվանագետը, հաղորդում է «Անադոլուն»:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաեւ չի բացառել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությունը՝ եթե Երեւանը հավատարիմ մնա կառուցողական դիրքորոշմանը: "Բոլոր հարցերը մենք համակարգում ենք Ադրբեջանի հետ, քննարկում ենք, որոշում ենք կայացնում նրանց հետ միասին։ Եթե Հայաստանը դասեր քաղի վերջերս տեղի ունեցած իրադարձությունների եւ նախընտրի խաղաղություն եւ անդորր, կարելի է նաև դեսպանատուն բացել: Մենք այդ հարցը նույնպես կլուծենք Ադրբեջանի հետ", - ասել է նա։



