


Արմինֆո. Հարավային Կովկասում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործում կարեւորագույն ուղղություններից մեկն է: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Մասնավորապես, նա ընդգծել է, որ խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից գործնական կոնկրետ օգուտ քաղելու հնարավորության մասին է։ Այդ կապակցությամբ Ռուդենկոն հիշեցրել է, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են եռակողմ աշխատանքային խումբ ստեղծել երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ: Այդ մեխանիզմի շրջանակներում, նրա խոսքով, կարեւոր նախապատրաստական աշխատանք է կատարվել տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման համար: "Ներկայումս լրամշակվում է միասնական փաթեթ։ Նման մոտեցումը կապահովի կայացվող որոշումների կայունությունը", - ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։ Ընդ որում, Ռուդենկոն նշել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունները անհրաժեշտ խթան են հաղորդել ընթացիկ համատեղ աշխատանքին: "Կենտրոնանում ենք համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների պարամետրերի մշակման արագ ավարտի եւ կոնկրետ նախագծերի գործարկման ելքի վրա", - ընդգծել է նա:



