


Ռուսաստանցի զինծառայողի կողմից գյումրեցի ընտանիքի
սպանության առնչությամբ հարուցվել է երկու քրեական գործ` հայկական և ռուսական
կողմերից` առանձին: Այդ մասին Գյումրիում կայացած մամուլի ասուլիսում հաղորդել է
Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Ընդ որում նա ընդգծել է, որ կողմերից յուրաքանչյուրը
վարում է իր նախաքննությունը, և գործընթացները մեկը մյուսի վրա չեն ազդում:
Կոստանյանը հաղորդել է, որ հայկական կողմն արդեն կասկածյալ Պերմյակովին ներգրավել
է որպես մեղադրյալ, և «արդեն այսօր Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալը
կգնա 102-րդ ռուսական ռազմակայան` մեղադրյալի նկատմամբ քննչական միջոցառումներ
իրականացնելու համար»: Դրանով իսկ, ընդգծել է Կոստանյանը, ՀՀ իրականացնում է իր
իրավազորությունը դատապարտյալի նկատմամբ:
Ընդ որում նա չի բացառել, որ սպանության մեղադրանքից զատ
Պերմյակովին կարող է առաջադրվել նաև մեղադրանք Հայաստանի պետական սահմանն
ապօրինաբար հատելու փորձի համար:
Հունվարի 12-ին Գյումրիում սպանվել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները: Սպանդի համար կասկածվում է ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը, որն այս պահին գտնվում է 102-րդ ռազմակայանում: Հունվարի 14-ին ՀՀ գլխավոր դատախազությունը
հաղորդեց, որ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու հարց չի քննարկվում: Սակայն
102-րդ ռազմակայանի մերձակայքում բազմահազարանոց բողոքի գործողության մեկնարկից և
ՀՀ նախագահի նստավայրում խորհրդակցությունից հետո գլխավոր դատախազ Գևորգ
Կոստանյանը հայտարարեց, որ Պերմյակովը պատասխանատվություն կկրի օրենքի ողջ
խստությամբ` Հայաստանի տարածքում, որի քաղաքացիները հնարավորություն կունենան հետևել
ողջ գործընթացին:



