
Արմինֆո. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ուղերձ է հղել Արցախի ժողովրդին, որում ասվում է.
«Արցախի Հանրապետությանը վերաբերող սկզբունքային բոլոր հարցերը որոշվում են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդում։ Այնպես չէ, որ ստեղծված իրավիճակում պատասխանատուն միայն երկրի նախագահն է, ով միաժամանակ նաև Անվտանգության խորհրդի նախագահն է, կամ Անվտանգության խորհրդի քարտուղարը, պատասխանատու են Անվտանգության խորհրդի բոլոր անդամները։ Իրավիճակի ճշգրիտ վերլուծության հնարավորություն ունենք բոլորս և եթե Անվտանգության խորհրդում կան մարդիկ, ովքեր համաձայն չեն, առաջ չենք շարժվում։ Ինչպես նաև, եթե Անվտանգության խորհրդում կան մարդիկ, ովքեր համաձայն չեն ԱԽ-ի կայացրած որոշումներին, կարող են դուրս գալ Անվտանգության խորհրդի կազմից։ Բարեբախտաբար, այդպես չէր մինչև գազատարի պայթեցումը և այդպես չէ նաև հիմա։
Արցախը կանգնած էր լոկալ պատերազմական գործողությունների առջև, և մենք ոչ միայն ուժային, այլև իմաստուն դիվանագիտությամբ պետք է աշխատենք բոլորի հետ (ՀՀ գործընկերներ, ՌԴ խաղաղապահ ուժեր և այլ կառույցներ)։ Հեշտ է մեղքը բարդել մեկ անձի վրա և նրան դարձնել քավության նոխազ։ Պատեհ առիթ չէ դրան անդրադառնալը։
Ընդհանրապես խաղաղապահների առաքելությունը բարի կամքի դրսևորումն է պատերազմող կողմերի միջև՝ զերծ պահելու նոր պատերազմների ծագումից։ Բայց աշխարհը սրընթաց փոփոխությունների է ենթարկվում, ալեկոծվում է հին աշխարհակարգը, և մեր աչքի առջև նոր աշխարհակարգ է ձևավորվում։
Ու եթե ԱՀ ԱԺ խմբակցությունները՝ անկախ քաղաքական հայացքներից, և ԱԽ բոլոր անդամները ճիշտ համադրում չանեն, մնալու ենք հին աշխարհակարգի փլատակների տակ։
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի վերջին նիստերը և Արցախի Հանրապետության Նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահի վերջին հանդիպումը Ազգային ժողովում հույս է ներշնչում, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Տա Աստված` այդպես շարունակվի»։
Մարտի 24-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով շփման գիծը, ներխուժել են Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ և փորձել գրավել Քարագլուխ ռազմավարական բարձունքը: Այդ տարածքները գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմը հաղորդել է երեք զինծառայողի զոհվելու եւ 15 պայմանագրային զինծառայողների վիրավորվելու մասին: Ադրբեջանի ՊՆ-ը չի խոսում իր կորուստների մասին, սակայն, հայտնի է, առնվազն, 5 զոհի եւ երկու ադրբեջանցի զինծառայողների վիրավորվելու մասին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները կոչ են արել Ադրբեջանին վերականգնել շփման գիծը մարտի 23-ի դրությամբ: Նախօրեին ՌԴ ՊՆ-ից հաղորդել են, որ ադրբեջանցի զինվորականները հետ են քաշվել ելման դիրքեր, մինչդեռ, ադրբեջանական կողմը հերքում է ռուսական պաշտպանական գերատեսչության այդ հաղորդագրությունը, հավաստիացնելով, որ դա սուտ է:
Նշենք նաև, որ մարտի 8-ից գազամատակարարման խափանումներ են դիտվում Արցախում։ Մարտի 8-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը պայթեցրել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներով անցնող խողովակը: Այնուհետև, երկարատև բանակցություններից հետո մարտի 19-ի Արցախում գազի մատակարարումը վերականգնվել էր, բայց, ինչպես պարզվեց, կարճ ժամանակով։ Մարտի 21-ին Ադրբեջանը կրկին փակել է Արցախ գազի մատակարարումը, ինչպես պարզվել է, ադրբեջանական կողմը գազատարի վրա փական է տեղադրել, եւ այժմ ահաբեկում է Արցախի բնակչությանը: Գազի մատակարարումը մինչ օրս չի վերականգնվել: