


Արմինֆո.Արցախի խորհրդարանը մարտի 30-ի նիստում միաձայն քվեարկել է «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու օգտին:
Օրենքի նախագիծը խորհրդարանում ներկայացրել է Արցախի ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Նվեր Գասպարյանը, որն արձանագրել է, որ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ Արցախի ազգային անվտանգության մարմինների համակարգը կազմված է լիազորված մարմնից, նրան ենթակա՝ կենտրոնական և քաղաքային /շրջանային/ կառուցվածքային ստորաբաժանումներից:
«Օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ լիազորված մարմնի համակարգում սահմանված կարգով գործում են հետախուզական, հակահետախուզական, ռազմական հակահետախուզական մարմիններ: Ուստի, Արցախի Հանրապետության պետական սահմանի /շփման գծի/ պահպանության գործում ազգային անվտանգության ծառայողների կողմից մարտական հերթապահություն իրականացնելու գործընթացը իրավական առումով ամրապնդելու և հետագա իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով անհրաժեշտ է «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում կատարել առաջարկվող փոփոխությունները:
Օրենքի նախագծով առաջարկվել է օրենքի 4-րդ հոդվածի երկրորդ մասում «մարմիններ» բառից հետո լրացնել «և մարտական ստորաբաժանումներ» բառերը, իսկ օրենքի 14-րդ հոդվածում «զորքերը» բառից հետո լրացնել «և լիազոր մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումները» բառերը», - ասել է Գասպարյանը:
Նրա ասելով, "Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին" օրենքի ընդունումը կնպաստի Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության լիազոր մարմնի համակարգում գործող զինվորական ստորաբաժանումների կողմից մարտական հերթապահություն իրականացնելիս ծագող իրավահարաբերությունների կարգավորմանը:


