
Արմինֆո. Իշխանության նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված նախագիծը, որը ենթադրում է 24 մլն դրամ վճարելու և ընդամենը 4.5 ամիս բանակում ուսումնական փուլ անցնելու գործընթաց, ամբողջությամբ անընդունելի է։ Այդպիսի կարծիք է հայտնել "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։
«Սա ոչ միայն երկրում սոցիալական անարդարության նոր ջրբաժանի, այլ ներհասարակական հարաբերությունների ճգնաժամի է հանգեցնելու։ Սրանից բացի, սա մտածողության, գաղափարի, հայեցակարգային փակուղի տանող նախաձեռնություն է։ Ոչ պակաս վտանգավոր է նախաձեռնության դրդապատճառները։ Իշխանության համոզմամբ, սա հնարավորություն է տալու ավելացնել պայմանագրայինների աշխատավարձները։ Այսինքն՝ մեզ ուզում են համոզել, որ երկրում փող չկա կամ փող չկա երկրի պաշտպանությունն իրականացնող պայմանագրային անձնակազմի աշխատավարձը բարձրացնելու համար։ Հայաստանում բյուջեից սնվող մեծ թվով կառույցներում հսկայական պարգևավճարային ֆոնդեր են գործում, իշխանությունը բյուջետային գումարները ըստ առաջնահերթությունների չի գործածում, դեռ չեմ խոսում դրանց խիստ անարդյունավետության մասին, իսկ երկրի համար ծանր ժամանակներում հսկայական բեռ ու ծանրություն կրող պայմանագրային զինծառայողների համար պարզվում է գումար չկա։
Մեկ անգամ ևս ցանկանում եմ շեշտել՝ զինված ուժերի մեր զինծառայողները՝ շարքայինից մինչև սպաներ, պետք է ապահոված լինեն սոցիալ-կենցաղային՝ միջինից բարձր պայմաններով, որովհետև այս մարդիկ բավականին ծանր, բարդ պայմաններում ապահովում են մեր անվտանգությունը։ Ու սա այն դեպքում, որ իրենց թիկունքում չեն զգում պետության, այս իշխանության ներկայությունը, ավելին՝ սրանց քաղաքականության հետևանքով, անընդհատ նոր սպառնալիքների ու վտանգների են բախվում», - գրել է պատգամավորը։
Հշեցնենք, որ կառավարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am միասնական կայքում ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»
օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի տեղեկանք- հիմնավորման համաձայն, օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության փոխարեն շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ և շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ ներդնելու անհրաժեշտությամբ: