


Արմինֆո. Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնեցրել են քաղաքացիական առաքելության ուղարկումը Հայաստան' հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մշտադիտարկման համար:
Եվրահանձնաժողովի կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, նախարարները հավանություն են տվել Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմ Եվրամիության 40 փորձագետների ուղարկմանը՝ տարածաշրջանում իրավիճակի մշտադիտարկման, վերլուծության եւ հաշվետվության համար:
Հաղորդագրության համաձայն, քաղաքացիական առաքելության ստեղծման մասին որոշումը հաջորդել է
Հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների եւ Եվրախորհրդի ղեկավարի հանդիպմանը։ Հստակեցվում է, որ առաքելությունը նպատակաուղղված է տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը, ինչպես նաև վստահության ամրապնդմանն ու երկու պետությունների միջեւ միջազգային սահմանի սահմանազատմանն աջակցությանը:
Այդ կապակցությամբ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանի երկայնքով մշտադիտարկման համար ԵՄ մինչեւ 40 փորձագետների ուղարկումն ուղղված կլինի վստահության ամրապնդմանն անկայուն իրավիճակում, որը վտանգում է մարդկանց կյանքն ու հակամարտության կարգավորման գործընթացը: "Սա Հարավային Կովկասում տեւական խաղաղության հասնելու վերջնական նպատակին աջակցելու ԵՄ լիակատար հանձնառության եւս մեկ ապացույց է ", - նշել է Բորելը:
ԵՄ դիտորդական առաքելության ներուժի արագ տեղակայումն ապահովելու համար որոշվել է, որ փորձագետները ժամանակավորապես կուղարկվեն Վրաստանում Եվրոպական Միության դիտորդների կազմից: "Մոնիթորինգային առաքելությունը ժամանակավոր բնույթ է կրելու եւ սկզբունքորեն երկու ամսից ավելի չի տեւի", - ասված է խորհրդի հաղորդագրության մեջ:



